«Հրանտ Մաթևոսյան» ամենամյա գրական մրցանակին արժանացավ Վազգեն Գաբրիելյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի անվան ամենամյա մրցանակն այս տարի հանձնվեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Գաբրիելյանին:

Մաթևոսյանի ծննդյան կապակցությամբ Գրողների միությունը գեղեցիկ միջոցառումն անցկացրեց փետրվարի 12-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Մտավորականները ծաղիկներ խոնարհեցին գրողի շիրմին:

«Առանց գրաքննադատության և գրականագիտության դժվար է պատկերացնել գրականությունը: Երբեմն անգամ գրողը լիարժեք չի կարող ասել, թե ինչ է ստեղծել: Անհրաժեշտ են գրականագետներ, փիլիսոփաներ, որոնք կբացահայտեն դա: Վազգեն Գաբրիելյանը նրանցից մեկն է: Նա Մաթևոսյանի և այլ գրողների ստեղծագործությունների բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել, մշտապես մասնակցել մաթևոսյանական ընթերցումների, կազմել ու խմբագրել դրանց ժողովածուները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Անդրադառնալով Հրանտ Մաթևոսյանին` Միլիտոնյանն ասաց, որ նա հայ ինքնության անցյալ, ապագա քարտեզը ստեղծող, շարունակող, լրացնող, խորացնող, պեղող արձակագիր է:

Վազգեն Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար և շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանը հրաշալի գրական ժառանգություն է թողել, որն ապրեցնում էր տարիներ առաջ և շարունակում է ապրեցնել: «Կարծում եմ` այն հատկապես կարևոր է մեր գրական զարգացման ընթացքի համար»,-ընդգծեց գրականագետը:

Հրանտ Մաթևոսյանի այրին` Վերժինե Մովսիսյանն ասաց` ուրախ է, որ մրցանակին արժանացավ իր ամուսնու պատանեկան ընկերը, բարեկամը, ում հետ Մաթևոսյանը որոշ ժամանակ վարձով է ապրել:

Նա նաև Մաթևոսյանի երազներից մեկը պատմեց: «Մեր գյուղի գերանների վրա նստել էինք ես, Թումանյանն ու Տոլստոյը, զրուցում էինք. հանկարծ Տոլստոյը վեր կացավ ու գնաց, Թումանյանն էլ հարցրեց, թե ի՞նչ ասացի, որ նա հեռացավ, և ես արթնացա»:

Մրցանակը հիմնել է Հայաստանի գրողների միությունը «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի, Մաթևոսյանի ընտանիքի, ՀՀ կառավարության աջակցությամբ: Այն շնորհվում է արձակագիրներին և գրականագետներին: Տարբեր տարիների այդ մրցանակին արժանացել են Լևոն Խեչոյանը, Վահագն Գրիգորյանը, Ռուբեն Հովսեփյանը, Ժենյա Քալանթարյանը և այլք:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին: Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: Հետագայում որպես սրբագրիչ աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»: Գրական ասպարեզ է մուտք գործել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին: 1996-2000 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության նախագահ: Ստեղծագործությունները թարգմանվել և լույս են տեսել մի շարք լեզուներով:Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002 թվականին Երևանում:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով «Հայֆիլմ»-ում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, հայաստանյան թատրոններում բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: 2004-ին Հայաստանի գրողների միությունը սահմանել է Մաթևոսյանի անվան մրցանակ: Մաթևոսյանի անունով Երևանում կոչվել են դպրոց և փողոց:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից