ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ դեսպանի հետ
2 րոպեի ընթերցում
![ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ դեսպանի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920860.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ հունվարի 30-ին հանդիպել են ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացումը` այս համատեքստում ընդգծելով միջխորհրդարանական հարաբերությունների եւ խորհրդարանական դիվանագիտության դերը: Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարության կայացմանը, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ուղղված ԱՄՆ-ի աջակցությունը:
Ռիչարդ Միլսը բարեկամական խմբի անդամներին է ներկայացրել ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը:
«ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված բոլոր նպատակներն այս կամ այն կերպ ուղղակիորեն առնչվում են նաեւ Հայաստանին, քանզի դրանցից յուրաքանչյուրի հետ կապված մենք ունենք ընդհանուր շահեր»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ շարունակական բարեկամության երաշխիքը մեր ժողովուրդների ամուր ու տեւական կապերն են:
Հանդիպման ընթացքում բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացումը, բազմոլորտ համագործակցության խորացումը: