Գևորգ Բարդակչյանի ժողովածուում հայ գրականությունը դիտարկվում է նաև արևելյան և եվրոպական գրականությունների համատեքստում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օքսֆորդի համալսարանի դոկտոր, Միչիգանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր, բանասեր, պատմաբան և գրականագետ Գևորգ Բարդակչյանի 7 հոդվածները թարգմանվել են հայերեն և հրատարակվել մեկ գրքում: Հոդվածները նվիրված են հայ միջնադարյան և նոր շրջանի մշակույթին, գրականությանը և պատմական հարցերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունվարի 29-ին Բարդակչյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նիստին կայացավ նաև «Պատմաբանասիրական հոդվածներ» գրքի շնորհանդեսը:

«Գիրքը արժևորվում է թե պատմագիտական, թե գրականագիտական առումով: Անգլերեն հոդվածների հայերեն թարգմանություններն ընդգրկել են հայ գրականության և հայոց պատմության տարբեր շրջանները: Ընտրվել են հատկապես այնպիսի հոդվածներ, որտեղ ինքնատիպ դրույթներ կան: Օրինակ՝ Կոնստանտին Երզնկացու մասին հոդվածում բանաստեղծին երազում շնորհ տրվելու երևույթի կիրառություններ է ներկայացրել նաև արևելյան ժողովուրդներում: Գիրքը կարևորում եմ ոչ միայն ինֆորմացիոն և գիտական, այլ նաև հետազոտության մեթոդի առումով: Այս հետազոտության մեթոդով հայ գրականության յուրաքանչյուր երևույթ դիտարկվում է ոչ միայն տվյալ գրողի ստեղծագործության, հայոց պատմության շրջանակում, այլ ընդհանուր արևելյան և եվրոպական գրականությունների համատեքստում»,-ասաց գրքի խմբագիր Վարդան Դևրիկյանը:

Գիրքը գիտելիքներ է տալիս ոչ միայն հայ գրականության, այլ նաև արևմտահայ միջավայրին վերաբերող ընդհանուր պատմագիտական հատվածներից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի համար յուրօրինակ նշանակություն ունի սփյուռքում ապրող, արարող մարդու կերպարը, ով ոչ թե ընտրել է շահութաբեր, այլ հայոց լեզվի և պատմության մասնագիտությունը: «Կարծում եմ՝ այս քայլն արդեն խոսում է Գևորգ Բարդակչյանի ընտանիքի ազգային նկարագրի մասին: Որպես սփյուռքի պատասխանատու՝ ինձ համար մեծագույն շնորհակալության է արժանի նրա այսօրվա գործունեությունը՝ Միչիգանի համալսարանում ղեկավարել հայոց լեզվի ամբիոն: Նա կարողացել է հայոց լեզուն, հայ գրականությունը և պատմությունը ոչ միայն հայերին, այլ նաև օտարներին դասավանդել: Այս առումով մեծ գործունեություն է ծավալել»,-ասաց նախարարը:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքով՝ Բարդակչյանը մտավորականության այն ներկայացուցիչն է, ով իրեն նվիրել է գիտակրթական համակարգի զարգացմանը: «Սփյուռքում մենք շատ հայագիտական կենտրոններ ունենք: Այդ կենտրոնների մեջ Միչիգանի համալսարանի հայագիտական կենտրոնը կարևոր դեր է գրավում: Դրա հայագիտական ծրագրերը երկար տարիներ ղեկավարում է Գևորգ Բարդակչյանը: Նա մշտապես այցելում և մասնակցում է հայագիտական գիտաժողովներին՝ տալով դրանց բարձր բովանդակություն»,-ասաց նա ու շնորհավորեց Բադակչյանին ծննդյան և գրքի լույս ընծայման առիթով:

Բարդակչյանի խոսքով՝ ինքը հայերեն չի գրում: Եվ նա կարևորեց այն փաստը, որ իր մի քանի հոդվածներ թարգմանել և հրատարակվել են հայերեն: «Ներկայում թարգմանում եմ Գրիգոր Դարանաղցու «Ժամանակագրություն»-ը: Գրիգոր Դարանաղցու, Դավրիժեցու և Երեմիա Քյոմուրջյանի աշխատանքները և գործունեությունը շատ կարևոր են կանխորոշելու հայագիտության հետագա ընթացքը և հայ ժողովրդի պատմության հարցերը:Դարանաղցին ժողովրդի կյանքի մասին է պատմում: Նա ավելի շատ գրում է սոցիալական պատմություն, քան սուլթանի, մեծամեծերի մասին: Դարանաղցին ներկայացնում է ժողովրդի կյանքը, առօրյան»,-նշեց նա:

Բարդակչյանը 1974-1987-ին դասախոսել է Հարվարդի համալսարանում: 1987-ից տեղափոխվել Միչիգանի համալսարան, որտեղ մինչ օրս ղեկավարում է Մարի Մանուկյանի անվան հայոց լեզվի և գրականության ամբիոնը: Երկար տարիներ եղել է ԱՄՆ-ի Հայագիտական ուսումնասիրությունների ընկերակցության նախագահ: 1979-ից եղել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության և արևելագիտության դոկտոր, 2006-ին ստացել է ԵՊՀ Պատվավոր դոկտորի, իսկ 2011-ին՝ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում: 2011-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում