Պաշտոնական

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է

2 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ հունվարի 22-ին կազմակերպել էր «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահել է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, բացման խոսքում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հանձնաժողովն առաջին անգամն է նման ձեւաչափով քննարկումներ անցկացնում՝ հույս հայտնելով, որ նման աշխատանքային քննարկումներն ի դերեւ կհանեն Սփյուռքի հետ կապերի ակտիվացման գործում նոր մեխանիզմներ թե՛ հանրայնացման հետ կապված եւ թե՛ քաղաքական հարթակի առավել արդյունավետ կիրառման համար:

Հիմնական զեկուցող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մանրամասն ներկայացրել է հայկական սփյուռքի զարգացման փուլերը, այս ուղղությամբ տարվող պետական քաղաքականությունը, պետական բյուջեի շրջանակում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:

ՀՀ ԱԺ պատգամավորները հարցեր են հղել նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են ներդրումներին, ՀՀ Ազգային ժողովի բարեկամական խմբերի եւ Սփյուռքի նախարարության միջեւ փոխգործակցությանը:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Սփյուռքի հետ տարվող աշխատանքը խորհրդարանի գերակա ուղղություններից է: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Սփյուռքի կառույցներից պետք է ակնկալել ավելի նպատակային եւ որակական ջանքեր մասնավորապես արցախյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված: Արմեն Աշոտյանը հավելել է, որ Սփյուռքի շնորհիվ Հայաստանն առավել ժամանակակից, մրցունակ եւ ազդեցիկ պետություն է:

Հանձնաժողովի նախագահը հավաստիացրել է, որ հայրենադարձության խնդիրը նույնպես լինելու է հանձնաժողովի ուշադրության կետրոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում