3 րոպեի ընթերցում
ԱՐՏԱՇԱՏ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի կենտրոնական հրապարակում դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ամանորյա տոնական միջոցառում: Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառմանը ներկա էին քաղաքի բոլոր մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական եւ գեղարվեստի դպրոցների սաները, մարզային ու քաղաքային կառույցների ներկայացուցիչները:
Արտաշատ քաղաքի սբ. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը միջոցառումը սկսեց Տերունական աղոթքով, օրհնեց ներկաներին՝ բարեմաղթելով, որ գալիք տարին լինի առավել հաջող, բնակչությունը լինի առողջ եւ հավատով լի: «Սիրելի արտաշատցիներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը: Նախատեսում ենք, որ գալիք տարի քաղաքի համար կլինի բարեփոխումների եւ առաջընթացի տարի, իսկ նմանատիպ տոնական միջոցառումները կլինեն շարունակական»,- նշեց Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը: Մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից շնորհավորեց մանուկներին, արարատցիներին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ:
Մաղթեց, որպեսզի 2018 թվականը լինի արգասաբեր տարի, բոլորի ընտանիքները լինեն խինդով ու ծիծաղով լի, մանուկները միշտ ժպտան: Մինչ տոնական միջոցառման մեկնարկը մարզկենտրոնի գլխավոր տոնածառի շուրջը հնչում էր տոնական, ամանորյա երաժշտություն: Ելույթ ունեցան Մելիք Փաշաեւի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը, Արտաշատի արտադպրոցական կենտրոնի սաները, «Արտաշատ» պարախումբը, անհատ կատարողներ, երգիչ-երգչուհիներ: Շոու ծրագրով հանդես եկան մուլտ-հերոսները, երեխաներին անակնկալ մատուցեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Ավելի քան երկու ժամ տեւած հանդիսության ավարտին բոլոր երեխաներին քաղաքապետարանի կողմից բաժանվեցին քաղցրավենիքի փաթեթներ, տեղի ունեցավ հրավառություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արդեն տասը օր է մարզկենտրոն Արտաշատն ունի տոնական տեսք: Բացի գլխավոր տոնածառի վառվող լույսերից, քաղաքի կենտրոնական հատվածների, մարզպետարանի ու քաղաքապետարանի մուտքերի տոնական լուսավորությունից եւ զարդարանքից, տոնական տեսք ունեն նաեւ մարզկենտոնի գլխավոր փողոցներըԴեկտեմբերի 18-ից իրականացվել են ամանորյա միջոցառումները դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում, որտեղ ներկայացումներով հանդես է եկել Արտաշատի «Մանկան մոլորակ» տիկնիկային թատրոնը:
Դեկտեմբերի 18-ից Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը երեխաների համար օրական երեք անգամ հանդես է գալիս «Ձյունանուշի երազը» ներկայացմամբ: Ինչպես ամեն տարի, մեկ ներկայացմամբ էլ թատրոնի անձնակազմը հանդես եկավ «բաց դռների օրվա» շրջանակներում` սոցիալապես անապահով եւ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար: Ներկայացումները կշարունակվեն նաեւ 2018 թվականին:Տոնական տեսքով են ապահովված նաեւ մարզի բոլոր 97 քաղաքային եւ գյուղական համայնքները, որտեղ եւս իրականացվում են ամանորյա միջոցառումներ:
Լիլիթ Մաճկալյան