Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը երիտասարդ գրողների ստեղծագործական մրցույթ է հայտարարել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք տարում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նոր և արդեն իսկ ծանոթ ծրագրեր կիրականացնի, որոնք կհետաքրքրեն ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: 2018 թ. փետրվարի 19-21-ը գրադարանում գրքերի ցուցահանդես-վաճառք կանցկացվի: Դրա շրջանակում հայտարարվել է ստեղծագործական մրցույթ:

Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ:

«Տոնավաճառում ներկայացվում է մանկապատանեկան գրականության ողջ դաշտը: Այն ասես տարվա ընթացքում վերոնշյալ գրականության հետ կապված աշխատանքի յուրօրինակ հաշվետվություն լինի. պարզ է դառնում, թե ինչ գրականություն է հրատարակվել, որ ստեղծագործություններն են ժողովրդականություն վայելել և այլն»,-ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այդ օրերին 3000-ից ավելի այցելուներ են գալիս գրադարան, տոնավաճառին զուգահեռ տարբեր միջոցառումներ են իրականացվում՝ հեքիաթապատումներ, կլոր սեղան-քննարկումներ, զրույցներ և այլն: Հրատարակիչները 20-30 տոկոս զեղչով են վաճառում ներկայացված գրքերը:

Հաջորդ տարի անցկացվելիք տոնավաճառին մասնակցելու համար կազմակերպիչները օտարերկրացի հետաքրքիր հյուրերի են հրավիրել: Կազմակերպիչները դեռ բանակցում են նրանց հետ: Գալու դեպքում հյուրերից յուրաքանչյուրն իր լեզվով «Հեքիաթի դեսպաններ» խորագրի ներքո հեքիաթ կկարդա երեխաների համար:

Տոնավաճառի շրջանակում նաև ստեղծագործական մրցույթ կանցկացվի: «Արտբրիջ» գրախանութ-սրճարանի և IBBY Հայաստանի (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) հետ համատեղ կազմակերպված մրցույթը կանցկացվի մանկական պատմվածք, հեքիաթ և բանաստեղծություն ժանրերում: Կարող են մասնակցել 16-25 տարեկան ստեղծագործող շնորհալի պատանիներն ու երիտասարդները:

Աշխատանքները պետք է ներկայացնել 2017-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2018-ի հունվարի 25-ը Խնկո-Ապոր գրադարանի համապատասխան բաժնում:

Լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն: Աշխատանքները կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների` ստեղծագործության ինքնատիպություն և գեղարվեստականություն, մանուկների համար հետաքրքրաշարժ և ուշագրավ դիպաշարի առկայություն:

Ռուզան Տոնոյանն ընդգծեց, որ մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում մանկագրության զարգացմանը, երիտասարդ հեղինակների հետաքրքրությունը մեծացնել մանկապատանեկան գրականության նկատմամբ:

«Ցանկանում ենք, որ մրցույթը դառնա ամենամյա: Դրա միջոցով մենք կարող ենք երիտասարդ մանկագիրների գտնել, խրախուսել: Մեր ներկայիս մանկագիրները հասուն են, երիտասարդները քիչ են գրում և շահագրգռված չեն ստեղծագործել երեխաների համար, ուստի այդ դաշտը բաց է: Մենք փորձում ենք լրացնել այն»,-եզրափակեց գրադարանի տնօրենը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում