Թբիլիսիում պահպանվել է Հովհաննես Թումանյանի շունչը. Թումանյանի տուն-գիտական կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են գրական քննարկումներ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տունը Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնի վերածելու հիմնական նպատակն է վերականգնել տան բարի ավանդույթները, որը եղել է սիրո և բարեկամության օջախ: Թբիլիսիում Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնը բացվել է 2017 թ. օգոստոսի 5-ին և այդ պահից ի վեր այնտեղ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրական քննարկումներ և շնորհանդեսներ, ինչպես եղել է նախկինում Հովհաննես Թումանյանի տանը:

Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը նշում է, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի՝ Թբիլիսիում գտնվող տունը եղել է ոչ միայն Թումանյան ընտանիքի օջախը, այլև կարևոր հասարակական, գրական, մշակութային օջախ ողջ Անդրկովկասի համար: Այդ տան մշտական հյուրերն են եղել Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Իոսեբ Գրիշաշվիլին, Տիցիան Տաբիձեն, Նիկողայոս Մառը, Կոմիտասը և այլք: «Մեր առաջնային նպատակն է վերականգնել Թումանյանի տան բարի ավանդույթները, իսկ մենք պատմությունից լավ գիտենք, որ այս տունը իսկապես սիրո և բարեկամության օջախ է եղել: Կենտրոնի պաշտոնական բացումից հետո այս կարճ ժամանակահատվածում շատ կարևոր միջոցառումներ են կազմակերպվել ինչպես Թբիլիսիի հայ համայնքի համար, այնպես էլ հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման համար: Մենք կազմակերպել ենք վրացի ճանաչված բանաստեղծուհի, նկարչուհի Բիետա Աբշիլավայի ձեռագործ աշխատանքների ցուցահանդեսը, Թբիլիսիի հայ և վրացի երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսներ, այստեղ շատ հաճախ տեղի են ունենում գրական քննարկումներ, շնորհանդեսներ, ինչպես ժամանակին եղել է Հովհաննես Թումանյանի տանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատմեց Հովսեփյանը:

Թբիլիսիի Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնում Հովհաննես Թումանյանի անձնական իրերից մնացել է միայն նրա հայելին. բանաստեղծի մյուս անձնական իրերը նրա ընտանիքի անդամները տեղափոխել են Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարան: «Ամենայն հայոց բանաստեղծի ընտանիքը 30-ական թվականներին նախաձեռնեց Երևանում Թումանյանի թանգարանը բացելու շնորհակալ աշխատանքը, և ես պետք է հպարտությամբ նշեմ, որ այն կառուցվել է իր տան օրինակով: Այսինքն՝ ճարտարապետը մի քանի անգամ Թբիլիսի է եկել, որպեսզի ճշգրտորեն չափագրի այս տունը, իսկ Թումանյանի ընտանիքի անդամները նրա բոլոր իրերը տեղափոխել են Երևան: Այստեղ Թումանյանից պահպանվել է թումանյանաշունչ այս տունը: Մենք Թումանյանի շնչի և ոգու առկայությունը մշտապես զգում ենք այս տանը: Նրա անձնական իրերից տանը մնացել է հայելին, իսկ բուխարին վերականգնվել է այնպես, ինչպես այն եղել է ժամանակին»,- մանրամասնեց կենտրոնի ղեկավարը:

Թբիլիսիում գտնվող տունը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը, պատկանել է թիֆլիսահայ մեծահարուստ Հովսեփ Գրիգորի Շանշյանին: Ներկայումս Վրաստանի արխիվներում այդպես էլ պահպանվում է. տան սեփականատերը եղել է Հովսեփ Շանշյանը, ում ազգանվան առաջին տառերն այսօր էլ պահպանվում են տան շքամուտքի դռների վրա: Հովհաննես Թումանյանը վարձակալել է տան երրորդ հարկը, իսկ նրա մահից հետո՝ Խորհրդային իշխանության շրջանում, Թումանյանի ընտանիքը, վախենալով, որ պետությունը կարող է տունը բռնագանձել, ձեռք է բերում փաստաթուղթ այն մասին, որ տունը բռնագանձման ենթակա չէ: Այդ փաստաթուղթը ձեռք է բերվում Վրաստանի համապատասխան մարմինների, Հայաստանի գրողների միության միջնորդությամբ և Ավետիք Իսահակյանի անմիջական օժանդակությամբ: Չնայած այդ փաստաթղթին՝ 30-ականներին այդ տունը կիսվում է. դրա մի հատվածում բնակեցվում է մի ընտանիք, որը տարհանվում է 50-ականներին, և այդ մասում բացվում է Թբիլիսիի՝ Թումանյանի անվան թիվ 13 քաղաքային գրադարանը: ԽՍՀՄ փլուզման տարիներին Թբիլիսիի քաղաքապետարանը, պատճառաբանելով, որ գրադարանը չի արդարացնում իրեն, վաճառում է գրադարանային հատվածը մասնավոր սեփականության: «Հենց այս տարիներին է, որ Թումանյանի տունը դառնում է համայն հայության մտահոգության առարկան: Այս ժամանակ սկիզբ առավ շնորհակալ աշխատանք՝ Թումանյանի տունը հայությանը վերադարձնելու հետ կապված: Այս աշխատանքի նախաձեռնողներից առաջինը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Գրադարանային հատվածը երջանկահիշատակ Լևոն Անանյանի աջակցությամբ ձեռք է բերվում Գյումրիի նախկին քաղաքապետ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանի միջոցով, իսկ երկրորդ հատվածը, որտեղ ապրում էր Հովհաննես Թումանյանի ծոռնուհին, ձեռք բերվեց IDEA հիմնադրամի ղեկավար Ռուբեն Վարդանյանի միջոցներով: Տունը շատ վատ վիճակում էր, քանի որ հին էր, և այն վերականգնելու համար մեծ աշխատանք էր պահանջվում: Վերականգման, վերանորոգման աշխատանքներում մեզ օգնել է «Ջինիշյան» հիմնադրամը, IDEA հիմնադրամը և վիրահայոց թեմը»,- պատմեց Գիսանե Հովսեփյանը:

Թբիլիսիում Թումանյանի տուն-գիտական, մշակութային կենտրոնը գտնվում է Ամաղլեբա փողոցում: Ամենայն հայոց բանաստեղծն ընտանիքի հետ 1909 թ. տեղափոխվել է Թբիլիսիի Ամաղլեբա փողոցի թիվ 18 տան երրորդ հարկի բնակարան, որտեղ էլ Հովհաննես Թումանյանն ապրել է մինչև կյանքի վերջ:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից