Պաշտոնական

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

3 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոյին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ողջունելով Բրեդլի Բուզետտոյին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի եւայլ ոլորտներում ընթացող բարեփոխումներին:

Արա Բաբլոյանն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման ձեւին անցնելու կարեւորությունը, կատարվելիք օրենսդրական փոփոխությունները, խորհրդարանի վերահսկողական գործառույթների ընդլայնումը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը, խոսելով խորհրդարանի գործունեության թափանցիկության մասին, ընդգծել է նաեւ օրինաստեղծ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցության, ինչպես նաեւ հանրության իրազեկվածության ապահովման կարեւորությունը:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, կարեւորել է ՀՀ Ազգային ժողովի մասնակցությունն այդ աշխատանքներում:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ շարունակվող համագործակցությունը: Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փոխգործակցությունը կլինի շարունակական եւ արդյունավետ:

Բրեդլի Բուզետտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ: Պարոն Բուզետտոն նշել է, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ՀՀ Ազգային ժողովի գործունեության արդյունավետությունն օրենսդրական եւ վերահսկողական տեսանկյունից: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի կարողությունների հզորացմանը, խորհրդարանի առանցքային գործառույթների իրականացման թափանցիկությանը, հաշվետվողականությանը, խորհրդարանական գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:

Հանդիպման ավարտին զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի արձանագրած հաջողություններին, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների հզորացմանն ուղղված նախաձեռնություններին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում