Մուսուլմանական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվում Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի որոշման դեմ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մուսուլմանական մի շարք երկրների բնակիչներ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման դեմ իրենց բողոքն արտահայտելու համար փողոց են դուրս եկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ակցիա է սկսվել, որին մասնակցում են նաև քաղաքական գործիչներ, խորհրդարանի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Բողոքի լայնածավալ ակցիաներ են ընթանում նաև Թուրքիայում: Ստամբուլի, Անկարայի, Էսքիշեհիրի, Մանիսի և երկրի այլ խոշոր քաղաքների հազարավոր բնակիչներ ուրբաթօրյա աղոթքից հետո մասնակցում են բողոքի քայլերթերի: Քայլերթերը գլխավորել են հասարակական կազմակերպությունները: Մզկիթներից դուրս եկող հավատացյալների խմբերին միացել են նաև անցորդները: Ցուցարարները պարզել են պաստառներ հետևյալ գրություններով. «Երուսաղեմը մուսուլմանական սրբություն է», «Իսրայելը մարդասպան է, ԱՄՆ-ն` նրա հովանավորը»: Նրանք նաև հակաիսրայելական և հակաամերիկյան լոզունգներ են հնչեցնում: Թուրքիայի ոստիկանությունը ցույցերի անցկացմանը չի խոչընդոտում, անկարգությունների մասին հաղորդումներ չկան:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ևս մի քանի հարյուր ցուցարար բողոքի ակցիա են անցկացնում Ալ-Ազհար մզկիթի մոտ: Նրանք պարզել են պաղեստինական դրոշներ և հանդես եկել հետևյալ վանկարկումներով. «Երուսաղեմն արաբական է. ոչ արևելյան է, ոչ էլ արևմտյան», «Հոգով ու սրտով Պաղեստինի հետ ենք»:

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման դեմ լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվում նաև Իրաքում: Բաղդադի և այնպիսի խոշոր նահանգների բնակիչներ, ինչպիսիք են Քիրքուքը, Բասրան, Նայվանան, Սալահ էդ-Դինը, Նաջաֆը, Կերբելան, նույնպես դուրս են եկել փողոց: Ակցիաներին մասնակցել են տեղական չինովնիկներ և կրոնական գործիչներ, իսկ մայրաքաղաքում ցուցարարներին միացել է Իրաքում Պաղեստինի դեսպան Ահմեդ Ակալը: Իրաքի քաղաքներից մեկում ցուցարարները վառել են Իսրայելի դրոշը:

Երուսաղեմում և Հորդանան գետի արևմտյան ափին մերձակա քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների: Երուսաղեմում ոստիկաններին հաջողվել է ցրել ցույցը, որից հետո այն կրկին վերսկսվել է, սակայն մասնակիցների թիվը նախորդի համեմատ պակաս է եղել: Հորդանան գետի արևմտյան ափին մերձակա քաղաքներում ցուցարարները շշեր և քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Նշվում է, որ բախումների հետևանքով ընդհանուր առմամբ մոտ 200 պաղեստինցի է տուժել: Իսրայելական բանակի տվյալներով Հորդանան գետի արևմտյան ափին մերձակա քաղաքներում և Գազայի հատվածում բողոքի ակցիաներին մասնակցել է շուրջ 3 հազար մարդ: Զինվորականները հատուկ միջոցներ են կիրառում` օդ կրակելու եղանակով:

Հայերեն English

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ