«Բուկինիստը» նշում է հիմնադրման 85- ամյակը. գրքի պահանջարկը վերջին երեք տարում աճել է

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բուկինիստ» գրախանութների ցանցը դեկտեմբերի 1-ին նշում է հիմնադրման 85-ամյակը: Նույն օրը նաև գրախանութի ծննդյան օրն է: «Արմենպրես»-ի թղթակիցը հոբելյանական օրվա առթիվ զրուցել է «Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, «Բուկինիստը» երկար տարիների պատմություն ունի, դժվարին տարիներին ինչպե՞ս է կարողացել ոչ միայն գոյատևել, այլ նաև զարգանալ, աճել:

-Դժվարին տարիները ժողովուրդն արժանապատիվ կերպով անցավ, մենք ևս, մեր կոչմանը հավատարիմ մնալով, պահեցինք եղածը՝ գիրքը, գրախանութը: Մենք ոչ միայն պահեցինք այն, այլ նաև զարգացրինք:

-Այդ տարիներին ի՞նչ դժվարություններ կային «Բուկինիստ»-ի համար:

-Երբ երկիրն անկախացել էր, խզվել էին բոլոր կապերը: Ողջ գրահրատարակչական արդյունաբերությունը «վախճանվել էր»: «Բուկինիստ»-ը մասնագիտացված հնագրավաճառքի գրախանութ էր, մենք ժողովրդից գնում էինք, այսպես ասած, օգտագործված գրքեր և վաճառում: Սակայն այդ ժամանակ այս գրքերի պահանջարկը նվազեց: Եկավ նոր հասարակարգ նոր գաղափարախոսությամբ և մոտեցումներով: Նոր գրականության պահանջարկ առաջացավ: Եվ ես որոշեցի այդ գրականությունը ներմուծել Հայաստան, որը հաջող կերպով իրականացնում եմ նաև այժմ:

-Ներկայում ո՞ր երկրների հրատարակչությունների հետ եք աշխատում:

- Ունենք գրականություն գիտելիքի բոլոր բնագավառներից: Աշխատում ենք ռուսալեզու շուկայի գրեթե բոլոր մեծ հրատարակչությունների հետ: Այսինքն՝ ձեռք ենք բերում ԱՊՀ երկրներում հրատարակված գրքերը: Գրքեր ունենք նաև անգլալեզու մեծ հրատարակչություններից, որոնք գործում են աշխարհի տարբեր վայրերում: Տպագրում ենք նաև գրքեր մեր «Բուկինիստ» հրատարակչությամբ:

-Լինելով գործարար մարդ՝ ինչու՞ ընտրեցինք այս ոչ այնքան շահութաբեր բիզնեսը:

-Գրախանութի տնօրեն եմ ընդունվել 22-23 տարեկան հասակում: Սկզբում մտածում էի՝ կդիմանամ մի երկու տարի, որից հետո կշարունակեմ աշխատել իմ մասնագիտությամբ: Իհարկե, երիտասարդ տարիքում բոլորն էլ ուզում են հարստանալ, բայց տարիների ընթացքում հասկացա, որ սա շատ եկամտաբեր բիզնես չէ, և սրանով երբեք ֆինանսապես չեմ հարստանալու: Ես շատ այլ ուրիշ արժեքներով հարստացա: Երևի, այն եզակի մարդկանցից եմ, ովքեր ողջ կյանքում իրենց սիրելի գործով են զբաղվում: Կար ժամանակ, երբ գիրքը շատերի համար այնքան էլ արժեքավոր չէր: Մտածում էի ուրիշ բիզնես հիմնելու մասին, սակայն կայացրեցի որոշում, որ ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի: Սա էլ իմ գործն էր: Կատարածս աշխատանքի ամենամեծ արդյունքը տեսնում եմ գրքասերների աչքերում:

-Մայրաքաղաքում ունեք արդեն 13 մասնաճյուղ, նախատեսու՞մ եք արդյոք մասնաճյուղեր բացել նաև մարզերում:

-Մենք առայժմ Երևանում ենք բացում մեր գրախանութները: Վերջինի բացումը եղավ մի քանի օր առաջ: Եվ, իհարկե, սա վերջինը չէ: Մարզերի համար ունենք երկու մեծածախ գրախանութ, որտեղից բոլոր մարզերի գրախանութներին վաճառում ենք գրքեր նույն գնով, ինչ հրատարակչությունները:

-Պարոն Վարդանյան, համաձա՞յն եք այն տեսակետին, որ մարդիկ ներկայում գիրք շատ չեն կարդում:

-Ոչ, դա կարծրատիպ է, որն արդեն կոտրվել է: Եղել է այդպիսի ժամանակահատված, սակայն հատկապես վերջին երեք տարում գրքի հանդեպ պահանջարկն աճել է: Դրա մասին է վկայում վաճառքի ծավալի աճը: Պատճառները տարբեր են: Մարդն իր ինտելեկտուալ պահանջներին տրվում է, երբ ամեն ինչ նորմալ է, երբ կենսական պահանջները բավարարված են, երբ երկրում խաղաղություն է: Քաղաքական իրավիճակի սրման դեպքում մարդկանց ոչինչ չի հետաքրքրում:

-Այն տարիներին, երբ նոր էիք սկսել ղեկավարել «Բուկինիստ»-ը, ի՞նչ էիք նկատում՝ մարդկանց ինչ բովանդակությամբ գրքեր էին հետաքրքրում, և հիմա որոնք են հետաքրքրում:

-Տարբերությունը ծավալի մեջ է: Խորհրդային վերջին տարիներին գիրք գնողներն ավելի շատ էին: Թեև հիմա էլ պահանջարկն աճում է: Բովանդակային առումով համեմատություն չի կարելի կատարել խորհրդային տարիների հետ: Գրքասերների համար ներկայում ամեն տեսակի գիրք կա, գրաքննություն գոյություն չունի: Բարձրացել է գրահրատարակչական որակը, սկսել են ավելի լավ ուսումնասիրել պահանջարկը և տպագրել ավելի լավ գրքեր: Հայաստանում հրատարակված գիրքն այսօր առանց ամաչելու կարող ենք ներկայացնել ցանկացած միջազգային ցուցահանդեսում:

-Նշեցիք, որ ինքներդ ևս լույս եք ընծայում գրքեր, մոտակա ժամանակներում ի՞նչ նոր գիրք է նախատեսում լույս ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

-Շուտով Արտակ Մովսիսյանի հեղինակությամբ կհրատարակենք անգլիական մի շարք՝ 15 մանկական գիրք, որը կոչվում է «100 փաստ»: Արդեն ունենք պայմանավորվածություն, որ մատենաշարում պետք է ներկայացված լինի նաև Հայաստանը: Գրքի մշակման համար աշխատել են հոգեբաններ, մանկավարժներ, որպեսզի գիրքը խոր ազդեցություն ունենա: Հրատարակելու ենք 5000 տպաքանակով: Հույս ունեմ, որ վաճառքի ընթացքում այն կկրկնապատկվի: Հետո այն թարգմանելու ենք ռուսերեն, անգլերեն, բաժանելու ենք սփյուռքում, որպեսզի մարդիկ կարդան, ճանաչեն իրենց հայրենիքը:

-Հոբելյանական տարվա առթիվ միջոցառումներ սպասվու՞մ են:

- Որքան շատ լինեն գրքին վերաբերող միջոցառումները, այնքան կշահեն ընթերցողը, հեղինակը և հրատարակիչը: Շուտով սկսում ենք մրցանակաբաշխություն, որը դարձնելու ենք ամենամյա: Սահմանել ենք անվանակարգեր՝ 3 բեսթսելեր՝ մանկական, գեղարվեստական և ոչ գեղարվեստական: Սահմանել ենք նաև «Գիրք քարոզող լավագույն լրատվամիջոց» և «Գիրք քարոզող լավագույն կազմակերպություն» անվանակարգեր:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում