2 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում ավարտվել են մարզերի հրատապ խնդիրների լուծման այս տարվա ծրագրի աշխատանքները: Այս ծրագրի շրջանակում 2017 թվականին մարզում իրականացվել է շուրջ 14,5 միլիարդ դրամ գումարի շինմոնտաժային աշխատանք՝ տարբեր պատվիրատվությամբ, այդ թվում՝ նաև Շիրակի մարզպետարանի:
Մարզպետարանին հրատապ խնդիրների լուծման համար հատկացվել էր 470 միլիոն դրամ գումար, որի շրջանակում իրականացվեց 34 օբյեկտի շինարարական՝ վերանորոգման կամ հիմնանորոգման աշխատանք. 10 դպրոցում, 3 մարզադպրոցում և 3 առողջապահական հաստատություններում մասնակի նորոգում, կատարվեց նաև տանիքների և փողոցների հիմնանորոգում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, բոլոր աշխատանքներն իրականացվել են: «Բոլոր աշխատանքներն ավարտված են, պարզապես հաշվի առնելով, հատկացված քիչ գումարը շատ օբյեկտներ ամբողջովին չեն նորոգվել, այլ մասնակի:
Աշխատել ենք հիմնականում այն խնդիրներին լուծում տալ, որոնք այդ պահին ամենահրատապն էին»,- նշեց Ալբերտ Մարգարյանը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի կրկին գումար կունենան աշխատանքները շարունակելու համար: Ծրագիրն այս տարի իրականացվել է մարզի 21 համայնքում: Ծրագրի շրջանակում 6 համայնքի տրամադրվել է նաև կապիտալ սուբվենցիա: «Այս ծրագիրը միշտ արդյունավետ է ու շատ պահանջված: Ճիշտ է, փոքր գումարով, բայց լուծվում է այնպիսի խնդիր, որն անհրաժեշտ է տվյալ համայնքին այդ պահին»,-հավելեց պատասխանատուն: