Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը եւ ռազմական, եւ ոչ ռազմական ուղիներով

2 րոպեի ընթերցում

Վաղարշակ Հարությունյանը վստահ է, որ հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը եւ ռազմական, եւ ոչ ռազմական ուղիներով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որքան էլ Ադրբեջանը հզոր տնտեսական ներուժ ունի, այն ի վիճակի չէ լուծել իր առջև դրած խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» թեմայով միջխորհրդարանական լսումների շրջանակում լրագրողների հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

«Մենք կարողանում ենք 25 տարի ապահովել մեր անվտանգությունը՝ անկախ նրանից, որ Ադրբեջանը մեզ համար ռազմական սպառնալիք է ներկայացնում և նավթադոլարներ ունի: Հայկական կողմը կարող է ապահովել իր անվտանգությունը՝ բոլոր մեթոդներով՝ սկսած ռազմական և ոչ ռազմական ուղիներից»,-ընդգծեց Վաղարշակ Հարությունյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար ռազմական սպառնալիք ներկայացնում է երկու պետություն՝ Ադրբեջանն ու Թուրքիան:

«Առաջինի հետ Հայաստանն ունի զինադադարի մասին պայմանագիր, սակայն կնքված չէ խաղաղության պայմանագիր: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մի կողմից Հայաստանն այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, մյուս կողմից Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Միջազգային օրենքի տեսանկյունից սա ուժի կիրառում է և պատերազմի սպառնալիք: Ասվածի մասին է խոսում Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ Բաքվում արած հայտարարությունը արցախյան հակամարտության մասին»,-նշեց Վաղարշակ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում