ՀՀ դեսպանն ու Բուլղարիայի շրջակա միջավայրի նախարարը ոլորտային համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
3 րոպեի ընթերցում

Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը հանդիպել է այդ երկրի Շրջակա միջավայրի և ջրային ռեսուրսների նախարար Ռոսիցա Կարամֆիլովայի հետ։
«Արմենպրես»-ի հափոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։
Կողմերն ընդգծեցել են Բուլղարիայի և Հայաստանի միջև ձևավորված ավանդական լավ և բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև առկա պատմական և մշակութային կապերի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է մայիս ամսին ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի առանցքային կարևորությունը, ինչը լրացուցիչ հիմք է ստեղծում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցությունն առավել խորացնելու համար։
Նախարարը նշել է, որ Բուլղարիան պատրաստ է կիսվել իր փորձով և փորձագիտությամբ որպես Եվրամիության անդամ պետություն՝ եվրոպական չափանիշներին Հայաստանի մոտեցման և եվրոպական օրենսդրության ներդրման գործընթացում։
Նշվում է, որ քննարկվող թեմաներից են եղել նաև տարածաշրջանային ձևաչափով համագործակցության ներուժը, այդ թվում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջոցով։
Դեսպան Համբարձումյանը մանրամասն ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները՝ հատուկ ընդգծելով Բուլղարիայի ակտիվ մասնակցության կարևորությունը։ Միաժամանակ, դեսպանը ներկայացրել է կենսաբազմազանության պահպանության և վերականգնման հարցի առաջնահերթությունը Հայաստանի համար։
Նախարար Կարամֆիլովան շնորավորել է Հայաստանին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստման և առաջիկա հյուրընկալման կապակցությամբ՝ ընդգծելով բնության պահպանության ոլորտում ընդհանուր նպատակներին հասնելու համար գլոբալ գործընթացներին և բազմակողմ ձևաչափերին ակտիվ մասնակցության կարևորությունը։
Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։