Քաղաքականություն

Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է ստեղծել անվտանգային ոլորտի փորձագիտական հարթակ՝ ներգրավելով Հայաստանի և սփյուռքի փորձագետներին

4 րոպեի ընթերցում

Վիլեն Գաբրիելյանն առաջարկում է ստեղծել անվտանգային ոլորտի փորձագիտական հարթակ՝ ներգրավելով Հայաստանի և սփյուռքի փորձագետներին

Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը նախատեսում է ձևավորել անվտանգային ոլորտի փորձագիտական բազա, որը հնարավորություն կտա մեկ հարթակում համախմբել տարբեր ոլորտներում մասնատիացած հայաստանյան և սփյուռքի մասնագետների՝ անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից կամ քաղաքական նախապատվություններից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վիլեն Գաբրիելյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անունից դիմելով Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում անվտանգային ոլորտի մասնագետներին, փորձագետներին, հետազոտողներին և համապատասխան մասնագիտական կառույցների ներկայացուցիչներին։

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անունից դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում և սփյուռքում անվտանգային ոլորտի մասնագետներին, փորձագետներին, հետազոտողներին և համապատասխան մասնագիտական կառույցների ներկայացուցիչներին։

Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների բազմաշերտությունն ու փոփոխվող բնույթը պահանջում են ոչ միայն պետական ինստիտուտների արդյունավետ աշխատանք, այլև երկրի ներսում և սփյուռքում առկա մասնագիտական ու փորձագիտական ներուժի համախմբում, զարգացում և նպատակային ներգրավում։

Այս նպատակով նախատեսում ենք ձևավորել անվտանգային ոլորտի փորձագիտական բազա, որը հնարավորություն կտա մեկ հարթության շուրջ համախմբել տարբեր ոլորտներում մասնագիտացած հայաստանյան և սփյուռքյան մասնագետների՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելությունից կամ քաղաքական նախապատվություններից։

Մեր առաջնահերթ նպատակն է ստեղծել մասնագիտական միջավայր, որտեղ գերակայում են մասնագիտական գիտելիքը, փորձը, փաստարկված մոտեցումը և Հայաստանի Հանրապետության անվտանգային շահը։

Փորձագիտական բազայի ձևավորմանը զուգահեռ նախատեսվում է առաջիկայում ստեղծել թեմատիկ աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն անվտանգային ոլորտի առանձին ուղղություններով, կքննարկեն առկա խնդիրներն ու հնարավոր լուծումները, կմշակեն առաջարկություններ և, անհրաժեշտության դեպքում, կներկայացնեն համապատասխան մասնագիտական եզրակացություններ ու նախաձեռնություններ։

Մենք կարևորում ենք ինչպես պետական համակարգում առկա փորձը, այնպես էլ ակադեմիական, գիտահետազոտական, մասնավոր և միջազգային կառույցներում աշխատող մասնագետների գիտելիքն ու փորձառությունը։ Կարևոր է նաև սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավումը՝ հաշվի առնելով տարբեր երկրներում կուտակված փորձը, մասնագիտական որակները և անվտանգային ոլորտում առկա գիտելիքը։

Այս նախաձեռնությունը բաց է բոլոր այն մասնագետների համար, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքն ու փորձը ներդնել Հայաստանի անվտանգային կարողությունների ամրապնդման գործում։

Համոզված եմ, որ քաղաքական տարաձայնություններից վեր կանգնած, մասնագիտական և կառուցողական երկխոսության միջոցով հնարավոր է ձևավորել այնպիսի փորձագիտական ներուժ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության անվտանգային քաղաքականության շարունակական զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Կոչ եմ անում անվտանգային ոլորտի հայաստանյան և սփյուռքյան մասնագետներին միանալ այս նախաձեռնությանը, ներկայացնել իրենց մասնագիտական փորձը և պատրաստակամությունը՝ ներգրավվելու հետագա աշխատանքներում։

Մեր ընդհանուր նպատակը մեկն է՝ համախմբել առկա գիտելիքն ու փորձը և դրանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։

Եթե հետաքրքրված եք, խնդրում եմ Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»,- գրել է Վիլեն Գաբրիելյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում