Պաշտոնական

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

2 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանն արժեւորել է Ֆրանսուա Շարպանտիեի ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության ու միջխորհրդարանական կապերի, քաղաքական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում:

Խորհրդարանի ղեկավարը, հաջողություններ մաղթելով դեսպանին դիվանագիտական հետագա գործունեության մեջ, վստահություն է հայտնել, որ նա կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը:

Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, շնորհակալություն հայտնելով գնահատանքի եւ ջերմ խոսքերի համար, նշել է, որ այս տարիների ընթացքում իր ջանքերն է ներդրել հանուն Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունների խթանման ու ամրապնդման:

Դեսպանը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ավանդը երկու երկրների կապերի զարգացման ու խորացման հարցում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությանն ու ակտիվ շփումներին, Հայաստանում ֆրանսիական կրթական հաստատությունների ստեղծմանը, ֆրանկոֆոն երկրների միջեւ համագործակցության խթանմանը վերաբերող հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում