Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրի դեսպանին եւ կարեւորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ որակելով այդ քայլը որպես քաղաքակրթության հերթական հաղթանակ:

Արա Բաբլոյանը նշել է. «Ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է հատկապես հիմա, երբ աշխարհը ցնցվում է ահաբեկչություններից, եւ այսօր էլ տեղի են ունենում ցեղասպանություններ: Կարծում եմ՝ քաղաքակիրթ երկրներն այդ ամենին համարժեք գնահատական պիտի տան»:

Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, եւ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության զարգացման ուղղությամբ առաջընթացը տեսանելի է:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում եւ ընդգծել բարեկամ երկրների արդյունավետ համագործակցության նշանակությունը միջազգային հարթակներում:

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը Արա Բաբլոյանին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի խոսնակի շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Էրիկաս Պետրիկասը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները եւ շնորհակալություն հայտնել ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովին՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը նպաստելու համար:

Դեսպանն անդրադարձել է Լիտվա-Հայաստան փոխշահավետ համագործակցությանը տնտեսության, մշակույթի եւ առողջապահության բնագավառներում:

Արեւելյան գործընկերության շրջանակում գնահատելով Հայաստանը որպես օրինակելի երկիր՝ Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը համագործակցության նոր հնարավորություններ եւ շփման եզրեր կստեղծի բարեկամ երկրների համար:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին

Ղազախստանի դեմ խաղում մեզ համար արդյունքն առաջնահերթ չէ. Եղիշե Մելիքյան

Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

Հայաստանի ագրարային համալսարանում բացվել է ռոբոտաշինության և մեխատրոնիկայի «Ագրոբոտ» գերազանցության կենտրոնը

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին