COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը
8 րոպեի ընթերցում

COP17 համաժողովի պաշտոնական հանդիպումների անցկացման վայրում՝ «Մերիդիան» կենտրոնում (Կապույտ գոտի) Հայաստանի տաղավարի հայեցակարգի մշակման ուղղությամբ երկարատև աշխատանք է իրականացվել՝ նպատակ ունենալով միջազգային հյուրերին և գործընկերներին ներկայացնել ոչ միայն բնապահպանական թեմաները, այլև այն, թե ինչպես է կենսաբազմազանությունն արտահայտվել հայ մարդու առօրյայում, մշակույթում, ճարտարապետության և կենցաղի մեջ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանի տաղավարի գաղափարն ու բովանդակությունը։

Նրա խոսքով՝ տաղավարի հայեցակարգի հիմքում այն գաղափարն է, որ մարդը բնությունից անջատ չէ, այլ դրա անբաժանելի մասն է, և դարեր շարունակ փորձել է բնության գեղեցկությունն ու տարրերն արտացոլել իր առօրյա կյանքում, մշակույթում և ստեղծած արժեքներում։

«Մենք ցանկացել ենք ցույց տալ, որ կենսաբազմազանությունը միայն բնապահպանական հասկացություն չէ։ Այն առկա է նաև մեր մշակույթում, ճարտարապետության մեջ, առօրյա սովորույթներում և այն ամենում, ինչ ստեղծել է հայ մարդը։ Տաղավարի հայեցակարգը մշակելիս՝ փորձել ենք բացահայտել բնության և մարդու այդ կապը՝ սկսած պատմական վաղ շրջանից մինչև մեր օրերը»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ տաղավարի պատմությունը սկսվում է Հայաստանի մասին հնագույն հիշատակումներից՝ ընդհուպ մինչև բաբելոնյան սեպագիր արձանագրություններում երկրի մասին տեղեկությունները։ Այցելուներն այդ պատմական ակնարկից աստիճանաբար անցնում են այն հատվածներին, որտեղ ներկայացված է բնության ազդեցությունը հայկական ճարտարապետության և մշակութային ժառանգության վրա։

Որպես օրինակ՝ Գրիգորյանն անդրադարձավ Զվարթնոց տաճարին՝ նշելով, որ հայկական ճարտարապետության մեջ հանդիպող որոշ զարդանախշեր ու ձևեր իրենց ակունքներով կապված են բնության և կենդանական աշխարհի հետ։ Տաղավարում այդ համատեքստում ներկայացված են նաև խոյի եղջյուրներ հիշեցնող ձևերը, որոնք բնության տարրերի արտացոլման օրինակ են հայկական ճարտարապետության մեջ։

Բնության գեղեցկության մեկ այլ դրսևորում է Գառնու տաճարի բազալտե սյուների թեման։ Դրանց յուրահատուկ կառուցվածքն ու ներդաշնակությունը ներկայացվում են որպես բնության ձևերի և մարդու գեղագիտական ընկալման կապի օրինակ։

«Մենք անդրադարձել ենք նաև հայկական պուլպուլակների ավանդույթին, որը կապված է ջրի՝ որպես կյանքի կարևորագույն տարրի, ընկալման հետ։ Այս պատմությունը գալիս է հնագույն ժամանակներից, երբ ջուրը ոչ միայն կենսական նշանակություն ուներ, այլև առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում մարդկանց պատկերացումներում ու պաշտամունքային ավանդույթներում։ Այդ համատեքստում ներկայացված են նաև վիշապաքարերը, որոնք ավանդաբար կապվում են ջրի պաշտամունքի և ջրային աղբյուրների պահպանության գաղափարի հետ։ Դրանցից մեկի ներկայացումը Սևանա լճի պատկերային ֆոնին ևս խորհրդանշական է»,- ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե միջազգային այցելուներն առաջին հերթին ինչի՞ն ուշադրություն կդարձնեն Հայաստանի տաղավարում՝ Գրիգորյանը նշեց, որ կարևոր տեղ է հատկացված Սևանա լճին՝ որպես Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ջրային էկոհամակարգի։
«Քանի որ COP17-ը նվիրված է կենսաբազմազանությանը, տաղավարի մի ամբողջ պատ նվիրված է Սևանա լճին։ Ջրային միջավայրն ու այդ հսկայական էկոհամակարգը կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար և կարևոր են նաև տարածաշրջանային առումով։ Հետևաբար, կարծում եմ, որ այցելուների ուշադրությունը նախևառաջ կգրավի հենց այս հատվածը»,- ասաց նա։

Միաժամանակ Գրիգորյանն ընդգծեց, որ տաղավարի կառուցվածքն այնպես է մշակվել, որպեսզի մի հատվածից մյուսն անցնելիս՝ այցելուի համար չընդհատվի բնության և մարդու կապի մասին պատմող տեղեկատվական շղթան։
«Կենսաբազմազանության պահպանության տեսլականը մինչև 2050 թվականը բնության հետ ներդաշնակ ապրելն է։ Մեր տաղավարում փորձել ենք ցույց տալ, թե ինչպես է հայ մարդը դարերի ընթացքում ապրել բնության հետ ներդաշնակ և ինչպես է այդ կապն արտահայտվել ինչպես հասարակ մարդու առօրյա արարքներում, այնպես էլ պետության ճարտարապետական ու մշակութային կոթողներում։ Ցանկացել ենք ցույց տալ, որ բնության հետ մեր կապը շարունակական է՝ անցյալից մինչև այսօր»,- ասաց Գրիգորյանը։

Անդրադառնալով տաղավարի ստեղծման աշխատանքներին՝ Գրիգորյանը նշեց, որ դրա դիզայնի և բովանդակության մշակման գործում ներգրավված է եղել պրոֆեսիոնալ թիմ։ Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի մասնակցությամբ թիմն աշխատել է գաղափարը, նախապես մշակված նյութերն ու ստեղծագործական պատկերացումները մեկ ամբողջության մեջ համադրելու ուղղությամբ։

«Տաղավարի հիմքում գաղափարն է, ստեղծագործական միտքն ու պրոֆեսիոնալ կատարումը։ Այն, ինչ նախապես մշակվել և ներկայացվել էր թղթի վրա, թիմի մասնագիտական աշխատանքի շնորհիվ ստացել է իր վերջնական արտացոլումը։ Արդյունքում մենք ունենք մի միջավայր, որտեղ համադրված են պատմությունը, մշակույթը, բնությունն ու կենսաբազմազանությունը՝ մեկ ամբողջական պատմության մեջ»,- եզրափակեց Ոսկեհատ Գրիգորյանը։

Խոսելով COP17-ի նշանակության մասին՝ Գրիգորյանը համաժողովը Հայաստանի համար բնորոշեց որպես մեծ պատասխանատվություն և միաժամանակ՝ կարևոր հնարավորություն։

Ըստ Ոսկեհատ Գրիգորյանի՝ աշխարհի 196 երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նման միջոցառման հյուրընկալումը մեծ պատիվ է Հայաստանի համար։ Միաժամանակ երկրի պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն համաժողովի կազմակերպմամբ․ Հայաստանը նախագահելու է գործընթացը և առաջիկա երկու տարվա ընթացքում շարունակելու է աշխատանքը՝ ուղղված քննարկված հարցերի, ընդունված որոշումների և նախաձեռնությունների առաջմղմանը։

«Նախագահել չի նշանակում ավարտել աշխատանքը COP17-ի ավարտով։ Դա նշանակում է առաջիկա երկու տարիներին շարունակել համաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ընդունված որոշումների և Հայաստանի նախաձեռնությունների ուղղությամբ աշխատանքը՝ հետևողականորեն դրանք հասցնելով իրական արդյունքների»,- ընդգծեց Գրիգորյանը։
Նա նաև կարևորեց միջազգային մասնագիտական հանրության հետ անմիջական շփումների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ համաժողովը հարթակ է տարբեր ոլորտների մասնագետների, մասնագիտացված կառույցների և հանրային հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցություն հաստատելու, փորձ ու գիտելիք փոխանակելու, կապերն ամրապնդելու և հետագա ծրագրեր նախաձեռնելու համար։

«Սա հնարավորություն է մեր երկրում հյուրընկալելու տարբեր ոլորտների մասնագետների, անմիջական երկխոսություն ունենալու նրանց հետ, փոխանակվելու փորձով ու գիտելիքներով և հիմքեր ստեղծելու հետագա համագործակցության համար։ Այս իմաստով COP17-ը Հայաստանի համար ոչ միայն պատասխանատվություն է, այլև նոր հնարավորությունների հարթակ»,- ընդգծեց Գրիգորյանը։
Սարգիս Ասատրյան