Պաշտոնական

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հարաբերությունների ներկա մակարդակը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունն առաջինը ճանաչած երկրի դեսպանին եւ կարեւորել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը՝ որակելով այդ քայլը որպես քաղաքակրթության հերթական հաղթանակ:

Արա Բաբլոյանը նշել է. «Ցեղասպանության ճանաչումը համամարդկային խնդիր է հատկապես հիմա, երբ աշխարհը ցնցվում է ահաբեկչություններից, եւ այսօր էլ տեղի են ունենում ցեղասպանություններ: Կարծում եմ՝ քաղաքակիրթ երկրներն այդ ամենին համարժեք գնահատական պիտի տան»:

Արա Բաբլոյանը փաստել է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարության ուղին, եւ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության զարգացման ուղղությամբ առաջընթացը տեսանելի է:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում եւ ընդգծել բարեկամ երկրների արդյունավետ համագործակցության նշանակությունը միջազգային հարթակներում:

ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը Արա Բաբլոյանին է փոխանցել Լիտվայի խորհրդարանի խոսնակի շնորհավորանքները ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Էրիկաս Պետրիկասը ՀՀ ԱԺ նախագահին է ներկայացրել իր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումները եւ շնորհակալություն հայտնել ԱԺ Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովին՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը նպաստելու համար:

Դեսպանն անդրադարձել է Լիտվա-Հայաստան փոխշահավետ համագործակցությանը տնտեսության, մշակույթի եւ առողջապահության բնագավառներում:

Արեւելյան գործընկերության շրջանակում գնահատելով Հայաստանը որպես օրինակելի երկիր՝ Էրիկաս Պետրիկասը հույս է հայտնել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը համագործակցության նոր հնարավորություններ եւ շփման եզրեր կստեղծի բարեկամ երկրների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում