Կարծիքներ

Արամ Անանյանը Ադրբեջանի վարքականոնը կապում է Ալիևների ընտանիքի իշխանությունն անսահմանափակ դարձնելու ձգտման հետ

2 րոպեի ընթերցում

Արամ Անանյանը Ադրբեջանի վարքականոնը կապում է Ալիևների ընտանիքի իշխանությունն անսահմանափակ դարձնելու ձգտման հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին սրացումներն Ադրբեջանի ակտիվացած պատերազմական հռետորաբանության տրամաբանական շարունակությունն են: Սակայն ինչպես հռետորաբանությունը, այնպես էլ ռազմական արկածախնդրությունը չհասան իրենց բուն նպատակին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց պատմաբան, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանի պաշտոնական և կիսապաշտոնական խոսափող լրատվամիջոցները լցված են թե ատելության լեզվով, թե բացահայտ սադրիչ ապատեղեկատվությամբ, որը նաև ստացել էր անհաջող ներկայացումների դրսևորում՝ զաքիրհասանովների և զեյնաբխանլարովաների մասնակցությամբ»,- ասաց Անանյանը:

Նրա խոսքով՝ նման վարքականոնը կարելի է կապել մի շարք գործոնների հետ, որոնցից է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր ընտանիքի իշխանությունն էլ ավելի անսահմանափակ դարձնելու քաղաքականությունը, որն Ադրբեջանի համար ունի ծանր հետևանքներ և ունենալու է առավել ծանր արդյունքներ:

«Բացահայտ ռազմական սադրանքներն անպատիժ չեն մնում, և հարկ է, որ միջազգային հանրությունը խիստ հասցեական արձագանքի ժամանակակից աշխարհի իրողություններին ոչ վայել այդ գործելաոճին: Միջազգային հանրությունն արդեն ամեն ինչ շատ լավ հասկանում է, և համոզված ենք, որ այս անգամ վերաբերմունքը չպետք է նախկինի պես նույնքան խնայող լինի»,- ընդգծեց Արամ Անանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում