Հասարակական

Ամենակարևոր անսակարկելի բանը, որի համար լոուքոսթերը չի խնայում, անվտանգ ավիափոխադրումն է. Արամ Անանյան

3 րոպեի ընթերցում

Ամենակարևոր անսակարկելի բանը, որի համար լոուքոսթերը չի խնայում, անվտանգ ավիափոխադրումն է. Արամ Անանյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավիատոմսերի՝ անգամ ներկայիս բարձր գների պայմաններում լոուքոսթերներն, այդ թվում՝ հայկական Fly One Armenia-ն, առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներ. լոուքոսթերի համար ամենակարևոր անսակարկելի բանը, որի համար այն չի խնայում, անվտանգ ավիափոխադրումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Fly One Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

Անդրադառնալով առհասարակ լոուքոսթերներին, դրանց աշխատանքին՝ Անանյանն ընդգծեց՝ անվանումն ինքնին հուշում է, որ լոուքոսթերները, ի տարբերություն ավանդական ավիաընկերությունների, առաջարկում են ավելի հասանելի ծառայություններ: Լոուքոսթերներն անգամ ներկայիս բարձր գների պայմաններում առաջարկում են անհամեմատ ավելի ցածր գներով ավիատոմսեր:

«Լոուքոսթերի տրամաբանությունը կատարվող ծախսերի առավելագույն օպիտմալացումն է, ինչն ուղևորին հնարավորություն է տալիս ընտրել ծառայությունների այն չափը, որի համար պատրաստ է վճարել: Այդ պարագայում ուղևորն ինքն է ընտրում, թե ինչ ծառայություններ են իրեն պետք, ինչը՝ պետք չեն: Այլ կերպ ասած՝ յուրաքանչյուրը ստանում է այն, ինչի համար վճարում է, և ոչ մի բան պակաս: Մեզանում լոուքոսթեր ավիաընկերությունները նոր, սակայն արմատավորվող երևույթ են: Եվ դեռևս, չնայած հանրությանը իրազեկելու ջանքերին և տարվող աշխատանքին, հաճախ ուղևորները լոուքոսթերներին դիտարկում են ավանդական ավիաընկերությունների պրիզմայով: Կրկնեմ, որ լոուքոսթեր ավիաընկերության բիզնես տրամաբանության առանցքն այն է, որ յուրաքանչյուրը վճարում է ծառայությունների այն ծավալի համար, որը ցանկանում է ստանալ, ինչն էլ հնարավորություն է տալիս ավիացիոն ծառայությունների գինը պահպանել շուկայական գների համեմատությամբ հասանելիության դաշտում»,-ասաց Fly One Armeniaավիաընկերությանխորհրդինախագահը:

Fly One Armenia-ն նույնպես ստանում է նման նկատառումներ ուղևորներից: Անանյանի հավաստիացմամբ՝ այս առումով մշտապես փորձում են պարզաբանել և ուղևորների իրազեկման մակարդակը բարձրացնելուն առաջնային տեղ հատկացրել:

Վերջին շրջանում նկատվում է ավիատոմսերի գների որոշակի աճ: Անանյանը սա պայմանավորում է մի շարք գործոններով:

«Այդ աճը հիմնականում պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտության ակտիվ փուլով, ռազմական գործողությունների տարբեր հետևանքներով, առկա պատժամիջոցներով, թռիչքային երթուղիների երկարացմամբ, ինչը լրացուցիչ ծախսեր է առաջացնում ավիաընկերությունների համար: Նվազող առաջարկին զուգահեռ ավելացել է դեպի Հայաստան չվերթների պահանջարկը, ինչը պայմանավորված է թե վերոնշյալ գործոններով, թե սեզոնայնությամբ, թե այն հանգամանքով, որ Հայաստանը վերածվում է ավիացիոն տարանցման կենտրոններից մեկի»,-ասաց Անանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում