Եղանակի պատճառով արգելափակված վարորդներին օգնելու համար ստեղծվել են հատուկ վրանային հենակետեր
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ավտոճանապարհներին արգելափակման մեջ մնացած քաղաքացիներին օգնելու եւ արդյունավետ վերահսկողություն սահմանելու համար ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանով մի շարք մարզերում ստեղծվել են հատուկ վրանային հենակետեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը: «Մասնավորապես, նման հենակետեր են գործում Մարտունի-Նորատուս հատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի մոտակայքում եւ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի հատվածում: Վրանային հենակետերի միջոցով արդեն սպասարկվել է ավելի քան 600 քաղաքացի, նրանց հատկացվել է տաք հագուստ, թեյ: Վրանային հենակետերը գործելու են այնքան ժամանակ, մինչեւ եղանակային պայմանները բարելավվեն եւ արգելափակումների վտանգը վերանա: Նման շուրջօրյա վրանային հերթապահությունը նոր մոտեցում է, որն այսուհետ կկիրառվի բոլոր դժվարանացանելի հատվածներում, որտեղ հնարավոր են արգելափակումներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Խանգելդյանը:
Խանգելդյանը վարորդներին խորհուրդ տվեց ճանապարհ ընկնելուց առաջ պարտադիր ծանոթանալ տվյալ ճանապարհահատվածի անցանելիությանը, ինչի մասին պարբերաբար տեղեկացնում են համապատասխան գերատեսչություններն ու լրատվամիջոցները: Տրանսպորտային միջոցը պետք է համապատասխան լինի եղանակային պայմաններին:
Նա հավելեց, որ հունվարը հանրապետությունում աչքի է ընկել եղանակային պայմանների խիստ տատանումներով, ինչի հետևանքով գրանցվել են զգալի տեղումներ ձյան տեսքով: Ամսվա վերջի առատ տեղումների հետեւանքով մի շարք ավտոճանապարհներ փակվել են, կամ դարձել դժվարանցանելի:
Ստեղծված իրավիճակում քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն աշխատում է արտակարգ ռեժիմով: 2016թ. առաջին 27 օրում հանրապետությունում գրանցվել է 1312 պատահար, ինչի հետեւանքով զոհվել է վեց, տուժել՝ 121 քաղաքացի: Պատահարների ճնշող մեծամասնությունը եղել են հրդեհներ, ճանապարհատրանսպորտային պատահարներ եւ տրանսպորտային միջոցների արգելափակումներ: «Հունվարի 1-27-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 157 հրդեհ, 59 ՃՏՊ, 398 արգելափակում: Պատահարների հետեւանքով մահացել է վեց քաղաքացի. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է երեք անգամ՝ չնայած ընդհանուր պատահարների թիվն աճել է: Այս օրերին արգելափակումից հանվել է ավելի քան 2 հազար տրանսպորտային միջոց, օգնություն է տրամադրվել ավելի քան 5 հազար քաղաքացու»,- եզրափակեց Հովհաննես Խանգելդյանը: