Քաղաքականություն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Հայկական ատոմակայանը նախատեսվում է շահագործել մինչև 2036 թվականը, իսկ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում մի շարք միջազգային գործընկերների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Հայաստանի ատոմակայանը վաղ թե ուշ պետք է փակվի։

«Ատոմակայանն ունի շահագործման ժամկետ։ Այդ ժամկետը չի որոշում ո՛չ Հայաստանի կառավարությունը, ո՛չ Ադրբեջանի կառավարությունը, ո՛չ էլ աշխարհում որևէ կառավարություն, քանի որ դա ատոմակայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամկետն է։ Այդ ժամկետը 2036 թվականն է։

Ալիևը չի արել այդ գյուտը։ Դա փաստաթղթերով արդեն սահմանված ժամկետն է՝ 2036 թվականը՝ մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը։ Մենք արդեն հայտարարել ենք, որ մտածում ենք նոր ատոմակայան կառուցելու մասին և բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ»,- ասաց Եղոյանը։

Պատգամավորը հավելեց, որ ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաև 2017 թվականին ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում։

«Ոչ թե համաձայնագիրն է որոշել, որ այդ ժամկետը կա, այլ, քանի որ այդ ժամկետը կա, այն արտացոլվել է համաձայնագրում։ Բայց նաև նշվել է, որ ատոմակայանը պետք է փոխարինվի համարժեք այլ հզորությամբ»,- նշեց Եղոյանը։ 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 11-ին հայտարարել է TRIPP նախագծի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին։ Ալիևն այդ կոնտեքստում հայտարարել է, որ «դա ձեռնտու կլինի նաև Հայաստանի համար, քանի որ Հայաստանի էներգետիկ ռեսուրսը հիմնականում ապահովում է ատոմակայանը, իսկ այն վաղ, թե ուշ փակվելու է, ու երկիրն այլընտրանքային ռեսուրսների կարիք է ունենալու, որպեսզի էներգետիկ ճգնաժամի առաջ չկանգնի»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն իսկ հայտարարել է, որ աշխատանքներ է իրականացնում Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, իսկ մինչ այդ քայլեր կձեռնարկվեն նոր ատոմակայան կառուցելու ուղղությամբ։ Արդեն իսկ որոշվել է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային տեսակի։ Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններ է վարում 5 երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ։ 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում