Եվրոպա

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

2 րոպեի ընթերցում

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հայելային ձևով կպատասխանի, եթե արևմտյան երկրները գրավեն ռուսական առևտրային նավերը ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Անշուշտ, սա (խմբ.՝ ԵՄ մի շարք երկրների կողմից ռուսական նավերը բռնագրավելու և գույքը վաճառելու որոշումը) ոչ այլ ինչ է, քան ծովահենություն և կողոպուտ։ Եվ եթե դա գործնականում սկսի իրականացվել, մենք ստիպված կլինենք հայելային ձևով պատասխանել», - ասել է Պուտինը՝ օգոստոսի 12-ին Յուժնո Սախալինսկում ներկա գտնվելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի զորավարժությունների ավարտական փուլին։

Նա ընդգծել է, որ պարտադիր չէ, որ դա արվի այն ջրատարածքներում, որտեղ իրականացվում է ռուսական նավերի զավթում, այլ կիրականացվի «այնտեղ, որտեղ արդեն մենք ինքներս անհրաժեշտ և նպատակահարմար կգտնենք, ցանկացած վայրում, այդ թվում՝ Խաղաղօվկիանոսյան նավատորմի պատասխանատվության գոտում»։

ՌԴ ղեկավարը միջոցառման բոլոր մասնակիցների ուշադրությունը հրավիրել է այս հարցի վրա և հայտարարել, որ Պաշտպանության նախարարությանը տրվել է համապատասխան հանձնարարություն։

«Վերջերս նրանք հանգել են մեր նավերը բռնագրավելու և մեզանից գողացված ունեցվածքը վաճառելու մտքին», - ասել է Պուտինը։

ԵՄ-ն ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի, այսպես կոչված, «ստվերային նավատորմի» նկատմամբ՝ պատժամիջոցները տարածելով հարյուրավոր նավերի վրա և կալանելով որոշ նավեր և դրանց անձնակազմերը՝ ստուգումների համար: Որոշ եվրոպական կառավարություններ հայտարարել են, որ ուսումնասիրում են պատժամիջոցներից խուսափելու համար կասկածվող նավերի դեմ ծովային վերահսկողության ավելի խիստ միջոցառումների հարցը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում