Միջազգային

Իրաքյան ուժերը Ռամադիում շրջան են ազատագրել

2 րոպեի ընթերցում

Իրաքյան ուժերը Ռամադիում շրջան են ազատագրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան ուժերն օգոստոսի 4-ին վերահսկողություն են հաստատել Ռամադի քաղաքի արևելքում գտնվող Սուֆիա շրջանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական գործողությունների ընթացքում 35 ահաբեկիչներ են սպանվել, նրանցից ոմանք փախուստի են դիմել Եփրատ գետով:

Անբար նահանգի ռազմական ուժերի ղեկավարներից Ղասան ալ-Այսաուին նշել է, որ իրաքյան ուժերը շարժվում են առաջ՝ ազատագրելու նահանգի այլ շրջաններ: Նա նաև տեղեկացրել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներ են սպանվել ալ-Ջազիրա շրջանում, Ռամադիի հյուսիսում շարունակվում են Ջամիա և Ալբու Զիյաբ շրջաններն ահաբեկիչներից մաքրելու գործողությունները:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Անբարի նահանգի շրջափակումից ի վեր ավերվել են ավելի քան 1500 դպրոցներ: «Ավելի քան 1500 դպրոցներ ամբողջովին կամ մասնակի ոչնչացվել են սկսած 2014թ-ի ամռանից»,- նշել է նահանգի խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Իդա Ումմաշան՝ պարզաբանելով, որ դպրոցների մեծ մասն ԻՊ-ի հարձակման թիրախ է դարձել: Դրանցից շատերն ահաբեկիչներն օգտագործել են որպես շտաբ, որոնք ռմբակոծվել են իրաքյան բանակի և միջազգային կոալիցիայի կողմից:

Հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:

ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահանգի 80 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում