ԹԵՀՐԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը չի փոխելու իր դիրքորոշումն «ամբարտավան» ԱՄՆ-ի հանդեպ միջուկային համաձայնագրից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին` իսլամական սուրբ ամսի` Ռամադանի ավարտին նվիրված ելույթի ժամանակ: Այաթոլահը նշել է, որ Իրանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ դեռևս սրված են ողջ Միջին Արևելքում: Իրանը շարունակելու է աջակցել Սիրիային, Իրաքին, Պաղեստինին և Եմենի ու Բահրեյնի «ճնշված» ժողովուրդներին: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված գործարքը երկարամյա բանակցությունների արդյունք է: «Անկախ նրանից, թե միջուկային գործարքը կհաստատվի, թե` ոչ, մենք երբեք չենք դադարի աջակցել տարածաշրջանի մեր ընկերներին և Պաղեստինի, Եմենի, Սիրիայի, Իրաքի, Բահրեյնի և Լիբանանի ժողովուրդներին»,- ասել է Խամենեին:
Նա նաև հերքել է Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու մտադրության մասին մեղադրանքները: «Մենք ֆեթվա էինք հրապարակել, որով նշվում էր, որ իսլամական օրենքով արգելվում է միջուկային զենքը: Դա որևէ առնչություն չի ունեցել միջուկային բանակցությունների հետ»,- նշել է Իրանի գլխավոր առաջնորդը: Նա հավելել է. «Մենք պարբերաբար նշել ենք, որ չենք բանակցում ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային կամ միջազգային հարցերի և անգամ երկկողմ խնդիրների շուրջ: Կան որոշ բացառություններ, ինչպես, օրինակ, միջուկային ծրագիրը, որը մենք իրականացնում ենք հանուն մեր շահերի: ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը տարածաշրջանում տրամագծորեն հակադրվում է Իրանի քաղաքականություններից»: