Սեւանի թերակղզում բացվեց զբոսաշրջության տեղեկատվական շարժական գրասենյակ
4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սեւանի թերակղզում բացվեց զբոսաշրջության տեղեկատվական շարժական գրասենյակ: «Սեւանի եւ Գրենոբլի համագործակցության 11 տարիների ընթացքում ոչ շարժական գրասենյակը զարգացում ապրեց համակարգման, աշխատակիցների վերապատրաստման, ընդունելության որակի բարելավման առումներով:
Սակայն մեկ կարեւոր բաց միշտ էլ զգացնել է տվել. գտնվելով քաղաքում` քաղաքապետարանի վարչական շենքում, տուրիստական գրասենյակը հեռու է գտնվել տուրիստական հոսքերից, զբոսաշրջիկների մի ստվար մաս շրջանցել է քաղաքը: Արդյունքում` գրասենյակ այցելողների թիվը չի արտացոլել իրական վիճակագրությունը:Հաշվի առնելով սա, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Սեւանի թերակղզին տարածաշրջանի այն վայրն է, որի շուրջ լողափեր են, գտնվում են Սեւանավանքը, հանգստի գոտիները, ժամանցի վայրերը, դեռեւս 2011 թվականին Գրենոբլի քաղաքապետարանում քննարկվել է տեղեկատվական գրասենյակի գտնվելու վայրի հարցը, իսկ ֆրանսիական «Աֆրատ» տուրիստական կազմակերպությունը նույն թվականին ուսումնասիրել է զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակը տուրիստական հոսքերին մոտ տեղափոխելու խնդիրը:
Թերակղզուն մոտ գրասենյակի ստեղծումով նպատակ կար այն դարձնելու տուրիզմի զարգացման միջոց, ինչպես նաեւ` հայկական մշակույթի ցուցափեղկ: Գրասենյակի շարժական լինելն էլ տալու էր առավելություն բազմապիսի միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաեւ ձմռան ամիսներին այն պահպանելու համար: Վերջապես, Սեւանի թերակղզում կայանեց զբոսաշրջության տեղեկատվական շարժական գրասենյակը, որը Գրենոբլից Սեւան էր հասել հունիսի ընթացքում»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ առաջիկայում զբոսշրջային տեղեկատվական շարժական գրասենյակը կսկսի իր աշխատանքները: Զբոսաշրջային գործի պատասխանատու Դավիթ Թորոսյանը ներկայացնում է գրասենյակի հիմնական գործառույթները. «Գրասենյակի միջոցով կատարվելու է տուրիստների ֆիզիկական ընդունելություն, որը ներառում է տեղեկատվություն տրամադրելում, ուղղորդելու, տարածաշրջանը գովազդելու, ինչպես նաեւ տարածաշրջանի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու եւ այլ բաղադրիչներ: Զուգահեռ իրականացնելու է հեռախոսային եւ էլեկտրոնային ընդունելություն, աշխատանք մասնագիտացված կառույցների հետ, միջոցառումների կազմակերպում, որի նպատակն է գրավել միջազգային եւ տեղական զբոսաշրջիկներին: Միաժամանակ, վաճառվելու է տարածաշրջանային տնայնագործական պայմաններում արտադրված գյուղմթերք, ձեռքի աշխատանք, տարածաշրջանը ներկայացնող ապրանքատեսակներ»,- նշեց Դավիթ Թորոսյանը:
Գրասենյակը գործելու է հուլիս-սեպտեմբերին` պայմանավորված Սեւանում տուրիզմի սեզոնայնությամբ: Կարեշրջանի ընթացքում գրասենյակն ունենալու է 3-4 աշխատակից` օտար լեզուների իմացությամբ եւ զբոսաշրջանային գործը տիրապետելու որոշակի գիտելիքներով:Գրասենյակի բացման շնորհանդեսին մասնակցում էին Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, Գրենոբլի փոխքաղաքապետ Բեռնար Մաքրեն, երկու քաղաքների քաղաքապետարանների ներկայացուցիչները, Հայաստանի գործընկեր համայնքների ղեկավարները, Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանատուները, Ֆրանսիայի զբոսաշրջային կազմակերպության ներկայացուցիչներ:
Խոսրով Խլղաթյան