4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի կանաչապատման, լուսավորության, աղբահանման և սոցիալական հարցեր են քննարկվել քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տարոն Մարգարյանը հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և մշտական հսկողություն սահմանել խոտածածկ տարածքներում խոտհնձի պատշաճ կազմակերպման ուղղությամբ:
Զեկուցվել է, որ կատարվում է տվյալ տարածքների երկհերթ ոռոգում, որից հետո կանաչապատման նպատակով կիրականացվի ճմապատում և ծաղկապատում: «Ուղղակի անընդունելի է, երբ հայտարարում ենք, որ մայրաքաղաքում ավելի քան 60 կմ ոռոգման նոր ցանց ենք անցկացրել, սակայն գործնականում որոշ տարածքներ չեն ոռոգվում: Կանաչապատման արդյունքները կարճ ժամանակում պետք է տեսանելի լինեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում ընթանում են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի ընթացքիկ նորոգման, փոսալցման ու ճաքալցման աշխատանքները: Մասնավորապես, նշվել է, որ տարեկան ծրագրով նախատեսված 768 հազար քմ-ից արդեն իսկ շուրջ 350 հազար քմ տարածքի վրա աշխատանքն ավարտված է: Քաղաքապետը հանձնարարել է տեղերում խստորեն վերահսկել աշխատանքների որակը:
Զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պարտադիր նորմերի պահպանման ընդհանուր վերահսկողությունն արդյունավետ իրականացնելու նպատակով հանձնաժողովների կողմից համատիրություններում կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Քաղաքապետը հանձնարարել է նկատված բոլոր թերությունների մասով ձեռնարկել անհրաժեշտ քայլեր և վերացնել դրանք:
Չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված զեկուցվել է, որ նախորդ շաբաթ 63 վարչական արձանագրություն է կազմվել: Դրան զուգահեռ, շարունակվող շաբաթօրյակների շրջանակում վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցների կողմից սանմաքրման աշխատանքներ են տարվել բակերում, այգիներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում:
Սանմաքրման ամենօրյա, մասնավորապես, կենցաղային աղբի տեղափոխման մասով էլ հանձնարարվել է մշտական հսկողության տակ պահել գործընթացը և աշխատանքները կազմակերպել ժամանակին, որպեսզի բնակիչների կողմից դժգոհություններ չլինեն:
Խորհրդակցությանը հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգստի կազմակերպման ծրագրով առաջին հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներ հանգստի է մեկնել երևանաբնակ 425 երեխա: Քաղաքապետը պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ինչպես նախորդ տարի, այս տարի ևս անձամբ այցելել ճամբարներ և ծանոթանալ երեխաների առօրյայի կազմակերպմանը:
Հաշվի առնելով, որ ամառային հանգստի շրջանում բնակիչները բակային տարածքներում իրենց ժամանցն անցկացնում են մինչև ուշ երեկո, հանձնարարվել է գույքագրել արտաքին լուսավորության ցանցում առկա թերությունները և այրված լապմերը փոխարինել նորերով: Վարչական շրջանների բակային տարածքներում շարունակվում են նաև նկարազարդումներն ու գունազարդումները: Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ, ընդհանուր առմամբ, այս տարի կնկարազարդվի 280 բակային տարածք: Հանձնարարվել է ակտիվացնել այս, ինչպես նաև մայրաքաղաքում առկա մետաղյա կառուցվածքների ներկման ուղղությամբ աշխատանքները: