Երևան

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

3 րոպեի ընթերցում

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Արտյոմ Կարապետյանն՝ անդրադառնալով «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին։

«Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին՝ անկախ ազգանունից, քաղաքական կապերից, բիզնեսի չափից կամ հանրային ճանաչումից։ Հենց այդ պատճառով էլ տարօրինակ է «Պրեգոմեշ» խանութ-սրահի ցուցափեղկին առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի շուրջ ստեղծված աղմուկն ու թեման քաղաքականացնելու փորձերը։

Քաղաքապետարանի արձագանքը պայմանավորված է եղել բացառապես օրենքի պահանջներով։ Տվյալ գովազդային տարրի տեղադրման համար սահմանված կարգով թույլտվություն չի ստացվել, հետևաբար, արձանագրվել է ընթացակարգային խախտում։

Ընդ որում՝ խոսքը մի տնտեսվարողի մասին է, որը քաջատեղյակ է գործող կարգավորումներին։ Սա առաջին դեպքը չէ, երբ առանց թույլտվության տեղադրվում են տարրեր, և քաղաքապետարանի մասնագետները կապ են հաստատում և ներկայացնում անհրաժեշտ ընթացակարգերը»,– ասված է խոսնակի տարածած հաղորդագրության մեջ։

Արտյոմ Կարապետյանը մանրամասնել է, որ խախտման վերաբերյալ ահազանգ է ստացվել «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ Նման ահազանգեր քաղաքապետարանը ստանում է ամեն օր և արձագանքում դրանց՝ անկախ նրանից, թե ով է տնտեսվարողը կամ ում է պատկանում բիզնեսը։

Խոսնակն անհիմն է որակում նաև թեմային կրոնական կամ հոգևոր ենթատեքստ հաղորդելու փորձերը։

«Խոսքը եկեղեցու, կրոնական կառույցի կամ հավատքի խորհրդանիշի մասին չէ, այլ առանց թույլտվության տեղադրված գովազդային տարրի մասին, որի նկատմամբ կիրառվել է նույն մոտեցումը, որը կիրառվում է նման բոլոր դեպքերում:

Տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներ սովոր են եղել ապրել այն տրամաբանությամբ, որ իրենց համար կան առանձին կանոններ։ Այդ ժամանակներն անցել են, բոլորը հավասար են օրենքի առաջ»,– եզրափակել է նա։

Ավելի վաղ երգչուհի Սիրուշոն հայտարարել էր, որ «PreGomesh» արծաթյա զարդերի բրենդի խանութ սրահի պատուհանին ամրացված խաչը պահանջում են հանել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում