Հասարակական

Հայաստանից UWC ցանցի քոլեջներ ընդունված ուսանողներին հյուրընկալել են UWC Դիլիջան քոլեջում

5 րոպեի ընթերցում

Հայաստանից UWC ցանցի քոլեջներ ընդունված ուսանողներին հյուրընկալել են UWC Դիլիջան քոլեջում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: UWC Դիլիջան քոլեջում մայիսի 24-ին հանդիսավոր արարողությամբ ողջունել են հայաստանցի այն 21 երիտասարդներին, ովքեր այս տարի UWC ցանցի քոլեջների ընդունելության մրցույթի արդյունքներով հաղթող են ճանաչվել եւ 2015թ. օգոստոսից իրենց ուսումնառությունը կսկսեն ցանցի ութ քոլեջներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից, միջոցառմանը ներկա են եղել UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը, քոլեջին աջակցող բարերարներ, UWC Դիլիջան քոլեջի, UWC Հայաստանի ազգային կոմիտեի ղեկավարներ, UWC քոլեջների հայաստանցի շրջանավարտներ, ինչպես նաեւ նորընծա ուսանողներն ու նրանց ծնողները:

UWC Հայաստանի ազգային կոմիտեի համակարգող Դարյա Բրոդնիկովսկայան, ներկայացնելով ընդունելության արդյունքներն ու ընթացակարգը, նշել է, որ այս տարի մրցակցությունը բավականին թեժ է եղել: Ստացվել է շուրջ 170 դիմում, ընտրական երեք փուլերի արդյունքներով UWC ցանցի քոլեջների ուսանողներ են դարձել 21 երիտասարդներ Երևանից, Դիլիջանից, Սիսիանից, Մասիսից, Գյումրիից ու Արցախից: Նրանցից 11-ը սովորելու են UWC Դիլիջան քոլեջում, մյուսները՝Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Սինգապուրի ու Նիդեռլանդների UWC քոլեջներում:

Բոլոր 21 երիտասարդներին ուսումնառության համար ամբողջական կամ մասնակի կրթաթոշակ է տրամադրվելու բարերարների՝ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի, «RD գրուպ» ընկերության ղեկավար Գագիկ Ադիբեկյանի եւ «Ամերիա գրուպ» ընկերության աջակցությամբ:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով ապագա ուսանողներին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նրանց նորամուտի արարողությունն արդեն ավանդական տոն է դառնում: Նա կարեւոր է համարել, որ երիտասարդները լինեն ոչ միայն հայկական մշակույթն ու ավանդույթները կրողը, այլ նաեւ փոխանցողը: «2015-ը շատ պատասխանատու տարի է Հայաստանի համար, որովհետեւ այս տարի լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մենք հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել 100 տարի առաջ, բայց պատասխան տալու միակ տարբերակը ուժեղ լինելն է եւ հաջողության հասնելը: Դուք պայծառ երիտասարդներ եք, ու կասկած չունեմ, որ մեծ հաջողության եք հասնելու եւ ուր էլ գնաք` արժանի կերպով կներկայացնեք Հայաստանը եւ հայերին»,-նշել է նա:

Ռուբեն Վարդանյանը նաեւ շնորհակալություն է հայտնել ներկա բարերարներին, ովքեր աջակցում են ոչ միայն հայ, այլեւ մյուս ուսանողներինUWC-ի քոլեջներում կրթաթոշակների տրամադրման հարցում: «Մեծ երջանկություն է, երբ կան մարդիկ, ովքեր կիսում են քո երազանքները քեզ հետ միասին, համատեղ իրականացնում նախագծերը»,-ավելացրել է նա:

Քոլեջիհիմնադիրների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը նկատել է, որ այս օրը երիտասարդների համար դառնում է նոր կյանք սկսելու հնարավորություն: «Այս ամենը հնարավոր է դարձել մի շարք մարդկանց ջանքերի, փորձի, գիտելիքների, սիրո շնորհիվ: Ընտրական գործընթացը նույնպես սովորական չէ, այն պարզապես գիտելիքների ստուգման թեստ չէ, այլ յուրօրիանակ փորձ, որը դուք ձեռք եք բերում: Ամենակարեւորն այն է, որ ամեն ինչ արվում է սիրով, եւ դրանում ներգրավված մարդիկ իսկապես հավատում են նրան, ինչ անում են»,-նշել է ՎերոնիկաԶոնաբենդը: Նանաեւ շնորհակալագրեր է հանձնելուսանողների ընտրական գործընթացում ներգրավված անձանց:

Իսկ UWC Հայաստանի ազգային կոմիտեի կողմից նվերներ են հանձնվել են ապագա ուսանողներին: Նրանց ողջունել է նաեւ UWC Դիլիջան քոլեջիտնօրեն Ջոն Փադըֆութը. «Ուզում եմ դիմել ծնողներին: Մի սպասեք, որ երկու տարի անց ձեր երեխաները նույն բնավորությամբ տուն կվերադառնան: Ոչ, նրանք վերադառնալու են ավելի հասուն, ուժեղ, խելացի ու փորձառու»:

Միջոցառման շրջանակում բացվել են նաեւ քոլեջի տարածքում տեղադրված ցուցատախտակները,որոնցումերախտագիտություն է հայտնվում բարերարներ Արման Ոսկերչյանին եւ Քրիստինա Տեր-Ղազարյանին՝ քոլեջի բժշկական կենտրոնին անհրաժեշտ սարքավորումներ տրամադրելու եւ Զիավուդին Մագոմեդովի «PERI» բարեգործական հիմնադրամին՝ քոլեջի թենիսի դաշտի կառուցմանն աջակցելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում