Ժխտողականությունը ցեղասպան միջավայրի սերմանման և բուն սպանդի իրականացման հետ նույն եռանկյունու գագաթներից է. Սերժ Սարգսյան
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում առանցքային տեղ է զբաղեցնում ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ ակտիվ դերակատարության ստանձնումը: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում իր բացման խոսքում այս մասին ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում անգնահատելի դերակատարություն ունեն: Դա է պատճառը, որ մենք մեծ տեղ ենք հատկացնում ցեղասպանությունների կանխարգելման հիմնախնդրին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, մարդկային քաղաքակրթության անհարիր երևույթների դեմ պայքարում մեր անսասան վճռականության և քաղաքական կամքի ամրագրումը: Ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում Հայաստանի ակտիվ մասնակցության օրինակներից են Միացյալ ազգերի կազմակերպությունում Հայաստանի նախաձեռնած և կոնսենսուսով ընդունված տարբեր տարիների բանաձևերը: Դրանցից վերջինն ընդունվեց այս տարվա մարտին՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում: Բանաձևում դատապարտվում է նաև ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային, հրապարակային ժխտումը, քանզի այն պարարտ հող է նախապատրաստում նոր բռնությունների համար և արգելակում է հանցագործության կանխարգելման գործընթացը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նախագահը:
Նրա խոսքով՝ ժխտողականությունը ցեղասպան միջավայրի սերմանման և բուն սպանդի իրականացման հետ նույն եռանկյունու գագաթներից է: «Ցեղասպանության ժխտումը նաև ազգային ատելության նոր ալիքի բարձրացման տարրեր է պարունակում, հաճախ ուղեկցվում է մերժողականությամբ և իրականացված ցեղասպանությունների արդարացմամբ: Իսկ միջազգային ուժեղացող ճնշման պարագայում ժխտողականությունը ձեռք է բերում ավելի փափուկ, բայց նույնքան վտանգավոր երանգներ կամ տարալուծվում է պատմության վերաշարադրման արշավներում»,- ընդգծեց Նախագահ Սարգսյանը:
Նրա գնահատմամբ՝ միանշանակ է, որ մինչև այժմ միջազգային իրավունքի տեսաբանների և պատմաբանների կողմից զգալի աշխատանք է տարվել Ցեղասպանություն եզրույթի իրավական ամրագրման, ինչպես նաև այդ հանցագործության պատժի մեխանիզմների մշակման ուղղությամբ: «Միանշանակ է նաև, որ վերը նշված ուղղություններով անուրանալի և հաճախ առաջնորդող դեր են ունեցել հասարակական- քաղաքական շրջանակները, լրագրողները, խորհրդարանականները:Ասվածն ամբողջովին տեղին է նաև Հայոց ցեղասպանության դեպքում: 1915-1917թթ համաշխարհային մամուլը լի էր հայերի զանգվածային կոտորածների մասին պատմող ահասարսուռ հոդվածներով»,- ասաց Նախագահը:
Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ Երևանում անցկացվող համաժողովը միջազգային հանրությանն ուղերձ կհղի առ այն, որ ցեղասպանությունները բնավ չեն դադարել սպառնալիք հանդիսանալ մարդկության համար և դրանց հետևաքների հաղթահարումը պետք է դառնա առաջնահերթություն: Նա ընդգծեց, որ քաղաքակիրթ մարդկությունը պետք է մեկտեղի իր ջանքերը վերջնականապես արմատախիլ անելու ցեղասպանության չարիքը և այն ծնող հանգամանքները:
Երևանում ապրիլի 22-23-ն անցկացվում է գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», որին մասնակցում են ավելի քան 600 մասնակիցներ՝ մոտ հինգ տասնյակ երկրներից: