ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին միջազգային բանակցորդների «վեցյակին» մեղադրել Է իրանական միջուկային ծրագրի շուրջ վերջնական համաձայնության հասնելու ուղղությամբ աշխատել չցանկանալու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 12-ին հաղորդել Է Press TV հեռուստաալիքը:
«Ամեն անգամ, երբ մենք մոտենում ենք համաձայնության ձեռքբերման վերջնական ժամկետին, բանակցությունների մյուս կողմը, հատկապես ԱՄՆ-ը, ավելի կոպիտ եւ ագրեսիվ տոնով Է խոսում: Դա նրանց խաբեության բաղկացուցիչ մասն Է»,-ասել Է Խամենեին:
Ավելի վաղ 47 հանրապետական սենատորներից բաղկացած խումբը նամակ Է հղել Իրանի ղեկավարությանը, որում, մասնավորապես, կասկածներ Էին հայտնվում առ այն, որ Թեհրանի ատոմային խնդրի շուրջ ԱՄՆ-ի գործող վարչակազմի հետ պայմանավորվածությունները կպահպանվեն նաեւ նոր նախագահի ընտրությունից հետո:
Խամենեիի կարծիքով՝ ամերիկացի հանրապետական սենատորների նամակը Թեհրանին ցույց տվեց ԱՄՆ-ի քաղաքական համակարգի բարոյականության սնակությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: