Հասարակական

Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Իրանի Սարի և Կորկան համայնքներ

3 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսն այցելել է Իրանի Սարի և Կորկան համայնքներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Կաթողիկոսը Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսյանի, Գերշ. Տ. Մակար Եպս. Աշգարյանի, Թեմական խորհրդի պատվիրակության և հյուրընկալության հանձնախմբի հետ այցելել է Իրանի Սարի կոչվող շրջանը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Քաղաքի մուտքի մոտ համայնքի պատասխանատուները դիմավորել են Նորին Սրբությանը և ապա միասնաբար ուղղվել համայնքի դահլիճ: Այնտեղ Վեհափառ Հայրապետն իր խոսքում գնահատել է Սարիի փոքրաթիվ գաղութի կապվածությունը Հայ եկեղեցու ու հայկական արժեքներին: Նա հորդորել է ամուր կառչած մնալ հայկականությանը և նրա անդաստանի ներսում գտնվող բոլոր արժեքներին: Շարունակելով իր խոսքը՝ Նորին Սրբությունը նշել է. «Կյանքի հարափոփոխ պայմանների դիմաց, այսօր ինքնության ու մանավանդ ազգային ինքնության պահպանումը կյանքի ամենադժվար գործերից մեկն է: Սակայն, հակառակ այս ամենին, ես հոգեպես հպարտ եմ զգում, երբ տեսնում եմ, որ նման փոքրաթիվ գաղութը կարողացել է պահել իր գոյությունը: Նույն նախանձախնդիր ոգով պետք է մոտենան Սփյուռքի մեր բոլոր գաղութները»:

Վեհափառ Հայրապետը, Թեհրանի Հայոց թեմի ազռաջնորդ սրբազանը և թեմի պատվիրակությունը Սարիի համայնքի կողմից ճաշի հրավեր են ստացել:

Երեկոյան Վեհափառ Հայրապետն այցելել է Կորկան քաղաք, ուր ևս դիմավորել են համայնքի պատասխանատուները, որոնք նույն երեկոյան պաշտոնական ճաշկերույթով պատվել են Վեյափառին և նրան ուղեկցողներին:

Հոկտեմբերի 17-ի առավոտյան Կորկանի Ս. Աստվածածին մատուռում մատուցվել է պատարագ: Պատարագի ընթացքում, Նորին Սրբությունն իր հայրապետական պատգամում հատուկ անդրադարձել է աստվածային սիրուն, ինչպես նաև կարևորությամբ շեշտել է նրա հրամայականը ներկա ժամանակներում ապրող յուրաքանչյուր հավատացյալի առօրյա կյանքում: Ապա Նորին Սրբությունը խոսել է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին առնչվող կարևոր շրջադարձների, ինչպես նաև Հայ Դատի և այդ ուղղությամբ յուրաքանչյուր գաղութի, կազմակերպությունների և միությունների նախաձեռնելիք աշխատանքների և պատասխանատվությունների մասին:

Պատարագից հետո եկեղեցու սրահում շրջանի եկեղեցադպրոցական հոգաբարձության կազմեկերպությամբ ,ի պատիվ Վեհափառ Հայրապետի, տեղի է ունեցել ճաշկերույթ:

Վեհափառի այցելությունն Իրանում կտևի 2 շաբաթ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում