Քաղաքականություն

Վարչապետը հանդիպել է ՀՀԿ ԵԿ Երևանի տարածքային և մարզային կառույցների ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

Վարչապետը հանդիպել է ՀՀԿ ԵԿ Երևանի տարածքային և մարզային  կառույցների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի տարածքային և մարզային կառույցների ղեկավարների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, դա առաջին հանդիպումն էր կառավարության ղեկավարի հետ` կազմակերպության փոփոխված կազմով: ՀՀ վարչապետը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ՀՀԿ ԵԿ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են բազմաբնույթ հարցեր:

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ներկայացրել է կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը և նախանշել առաջիկա անելիքները: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խոսել է մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին:

Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է մի շարք կարևոր խնդիրների: Նա խոսել է կազմակերպչական հարցերի, բարեփոխումների փաթեթների` հատկապես հարկային և մաքսային բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, տարածքային համաչափ զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում և հատկապես մարզերում փոքր և միջին բիզնեսի զարգացման կարևորությանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանապահ գյուղերին կտրվեն արտոնյալ պայմաններ:

Վարչապետը պատասխանել է նաև երիտասարդների հարցերին և լսել նրանց առաջարկները: Հարցերը վերաբերել են կազմակերպչական խնդիրներին, ներքաղաքական իրադարձություններին, կառավարության ծրագրին: Կառավարության ղեկավարը հորդորել է երիտասարդներին օգտագործել իրենց ակտիվությունը` ի նպաստ ոլորտային ծրագրերի:

Հանդիպման ավարտին երիտասարդներից մի քանիսը ստացել են կուսակցության անդամության տոմսերը կուսակցության նախագահի տեղակալից:

Վարչապետ, Հովիկ Աբրահամյան, ՀՀԿ, երիտասարդական կազմակերպություն, Կառավարություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում