Արգենտինական պարբերականը հրապարակել է հայ եւ արգենտինացի գործիչների «ԼՂՀ ապագան» խորագրով նամակը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի մասին Արգենտինայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ահմազադեի հոդված-նամակն առաջացրել է տեղի հայ մտավորականության եւ արգենտինացի հասարակության դժգոհությունը: Դեսպանի նամակը տպագրվել է Արցախի անկախության օրը Բուենոս Այրեսի The Natioan պարբերականում, ինչին հաջորդել է նույն պարբերականում հայ եւ արգենտինացի գործիչների «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ապագան» խորագրով պատասխան նամակի հրապարակումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com-ը, Արգենտինայում, Չիլիում, Ուրուգվայում եւ Պարագվայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը հիշեցրել է, որ 1988թ. փետրվարի 20-ին, իրավական բոլոր նորմերին համապատասխան, ԼՂԻՄ մարզխորհրդի 20-րդ գումարման նստաշրջանում որոշում կայացվեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին` մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին:
«Արցախի ինքնորոշման քաղաքակիրթ քաղաքական որոշումը հանգեցրեց Ադրբեջանի իշխանությունների զայրույթին եւ նրանք սկսեցին սպանել Սումգայիթում ապրող հայ քաղաքացիներին: Նրանք հետապնդում եւ վախեցնում էին Ադրբեջանի տարածքում ապրող կես միլիոն հայերին: Այս անգամ էլ Ադրբեջանի ձեռքով իրականացվող նոր ցեղասպանությունից խուսափելու համար Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պատրաստվեց ինքնապաշտպանության եւ տարավ հաղթանակ ադրբեջանական բանակի դեմ հանուն պատմական տարածքների պահպանման եւ հանուն այնտեղ ապրող մարդկանց»,- գրել է Մելիքյանը` եւս մեկ անգամ հիշեցնելով, որ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակվեց անկախ: Բունեոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի միջազգային իրավունքի դասախոս Ռոբերտո Մալխասյանն էլ գրել է, որ Ղարաբաղի հայերը ինքնորոշվել են համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի: «Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականությանը, որի մասին խոսում է ադրբեջանցի դեսպանը, ապա հենվելով Հաագայի միջազգային դատարանի եզարափակիչ որոշման վրա, որը վերաբերում է Կոսովոյի անկախությանը, կարող ենք փաստել, որ այս սկզբունքը չի կարող գործածվել Ղարաբաղի պարագայում»,-գրել է նա:
Քաղաքագետ, Klarin թերթի խմբագիր Ֆաբիան Բոսոերն էլ անդրադարձել է ազգերի ինքնորոշման խնդրին` փաստելով, որ դա լուրջ սկզբունք եւ կարեւորագույն հարց: Տարածքային ամբողջականության մասին գրելով, Բոսոերը հիշատակել է 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանությունը, որը դեռեւս չի ճանաչվել Թուրքիայի կողմից եւ չի պահպանվել տարածքային ամբողջականության սկզբունքը: Քաղաքագետն անդրադարձել է ԼՂՀ-ում ժողովրդավարության մակարդակին` շեշտելով, որ 2012թ. կայացած նախագահական ընտրություններն իրենց պատրաստվածությամբ եւ քաղաքակրթությամբ կարող էին օրինակ ծառայել բազմաթիվ պետությունների համար:
1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկեց հօգուտ անկախության: