Քաղաքականություն

Տարոն Չախոյանը հուսով է, որ նոր ձևավորված ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը կաշխատեն կառուցողական մթնոլորտում

2 րոպեի ընթերցում

Տարոն Չախոյանը հուսով է, որ նոր ձևավորված ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը կաշխատեն կառուցողական մթնոլորտում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը հույս ունի, որ Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները կաշխատեն կառուցողական մթնոլորտում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն ասել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ 

«Բնականաբար, կլինեն բանավեճեր, բայց հուսով եմ՝ դրանք կլինեն բարեկրթության սահմաններում»,- նկատեց նա։

Հարցին, թե ծնունդով արթիկցի պատգամավորը բարեփոխումերի ի՞նչ ծրագիր կներկայացնի Շիրակի մարզի, մասնավորապես՝ Արթիկ համայնքի համար, Տարոն Չախոյանը պատասխանեց․

«Եթե չեմ սխալվում, այս պահին կա Արթիկի հրապարակը վերափոխելու նախագիծ։ Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, ընթացքում կհասկանանք։ Հիմա զերծ կմնամ պատասխանելուց»։

Տարոն Չախոյանը, որը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը, անդրադառնալով իր արդեն նախկին ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ հարաբերությունների լարված լինելու մասին հարցին, հայտնեց․

«Իմ և Արայիկ Հարությունյանի հարաբերությունները բավականին լավ են, մեր հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Հինգ տարվա ընթացքում շատ կառուցողական աշխատանք ենք ունեցել իրար հետ և ավելի քան վստահ եմ, որ այն շարունակելու ենք Ազգային ժողովում՝ որպես պատգմավոր»։

Հարցին, թե ինչով է պայմանավորված վարչապետի աշխատակազմից դուրս գալու և պատգամավորի մանդատը վերցնելու որոշումը՝ Չախոյանը նկատեց․

«Պատգամավորական մանդատը մեզ տրվել է ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում, և ես կողմնակից եմ, որ ժողովրդի լեգիտիմ ընտրությունների արդյունքում տրված քաղաքական մանդատը պետք է վերցնել և տեր կանգնել»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում