Դավիթ Ղազինյանը ներկայացրել է, թե որ դեպքում են պատրաստ նոր խորհրդարանում համագործակցել իշխող ուժի հետ
3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանն անդրադարձել է հարցին, թե որ դեպքում են պատրաստ նոր ձևավորված խորհրդարանում համագործակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավիթ Ղազինյանն այդ մասին խոսել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Պատասխանելով հարցին, թե որ դեպքում են հնարավոր համարում իշխող ուժի հետ համագործակցությունը՝ նա հիշեցրել է իրենց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի՝ ավելի վաղ արված հայտարարությունն այդ թեմայով։
«Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝ եթե լինի առողջ նախագիծ, որը կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության շահերին, մենք կքննարկենք։ Եվ նաև հավելեց, որ, հաշվի առնելով նրանց պահվածքը, գործելաոճը, դժվար թե կառուցողական ինչ-որ բան բերեն։ Այսպես ասեմ՝ մենք կմտնենք այն քննարկման մեջ, որը մեր ամբողջ հանրությունը կտեսնի, որ ի շահ մեր հանրապետության և ժողովրդի է»,- ասել է Ղազինյանը։
Հարցին, թե ո՞րն է լինելու «Ուժեղ Հայաստան» դաշինքի օրակարգը նորընտիր խորհրդարանում, Դավիթ Ղազինյանը պատասխանել է, որ իրենց գլխավոր օրակարգը իշխանությանը հեռացնելն է։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով է պատրաստվում հանդես գալ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ Դավիթ Ղազինյանը պատախսանել է.
«Թույլ տվեք այս պահին չբացահայտել, քննարկումներ են ընթանում։ Մենք արդեն ունենք շատ մտքեր գաղափարներ, որոշ դեպքերում՝ համարյա պատրաստ օրենսդրական նախաձեռնություններ»։
Օգոստոսի 2-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Խորհրդարանում ընտրությունների արդյունքներով ձևավորվել է երեք խմբակցություն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը և «Հայաստան» խմբակցությունը։ ՔՊ-ն խորհրդարանում ունի 64, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, իսկ «Հայաստան»-ը՝ 12 մանդատ։
Հիշեցնենք, որ նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկին ունեցած ելույթում Ազգային ժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանն առաջարկել էր նորև խորհրդարանում հարաբերությունները սկսել զրոյական կետից, զերծ մնալ միմյանց վիրավորելուց և վարել բարեկիրթ բանավեճ։