ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուզում եմ ապրել» արտահայտությունը ռեժիսոր Աննա Մելիքյանի նոր՝ «Աստղ» ֆիլմի նշանաբանն է: Մելիքյանը Հայաստան է եկել ներկայացնելու իր նոր գործը, որն այս տարի երկու մրցանակ է ստացել Սոչիի «Կինոտավր» ռուսաստանյան բաց կինոփառատոնում: Հայ ռեժիսորի աշխատանքն ընդգրկվել է նաև երևանյան «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» մրցույթում:
Ռեժիսոր Աննա Մելիքյանը հուլիսի 16-ին հրավիրված ասուլիսում նշեց, որ ուրախ է լինել Հայաստանում:
«Ես ինձ համարում եմ երևանցի, թեև իմ անձնագրում նշված է Բաքու, որովետև այնտեղ եմ ծնվել, բայց մեծացել եմ այս քաղաքում: Ես այստեղից մեկնել եմ 17 տարեկանում: Ինձ թվում է, որ այն, որ ես կամ, իմ մանկության հետևանքն է, մնացածն ավելի քիչ է, և դա արտահայտվում է իմ ֆիլմերում: Դպրոցից հետո 15 տարի չեմ եղել Հայաստանում, հետո մի քանի տարի առաջ վերադարձա` որպես զբոսաշրջիկ մասնակցելու «Ոսկե ծիրան» -ին ՝ ռուսական պատվիրակության հետ: Շատ տարօրինակ էր հարազատ քաղաքում լինել զբոսաշրջիկ: Հիմա ավելի հաճախ եմ Հայաստան գալիս»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Աննա Մելիքյանը:
Ռեժիսորն ընդգծեց, որ ամեն անգամ հայրենիք վերադառնալիս տեսնում է գեղեցիկ զբոսաշրջային համայնապատկեր, սակայն գիտի, որ գոյություն ունի քաղաքի նաև մյուս կողմը: «Ես շատ ուժեղ կապված եմ այս քաղաքին, և դա արտացոլվում է իմ ֆիլմերում: Երբ կարճամետրաժ ֆիլմեր էի պատրաստում, իմ ղեկավար Սերգեյ Սոլովյովն ինձ ասում էր՝ տեսնում ենք հերթական հայկական ֆիլմը: Ես շատ էի նեղանում նրանից: Չէի հասկանում, թե նա ինչու է իմ կինոն կոչում հայկական: Բայց հիմա հասկանում եմ: Հայկական կինո է: «Աստղն» էլ է հայկական կինո: Իմ կինոն ես եմ: Ես հայ եմ, իմ կինոն՝ հայկական»,-նշեց նա: «Աստղ» ֆիլմի երեք տարբեր կերպարները՝ երեք տարբեր կյանքեր շաղկապված են խորհրդավոր ձևով՝ չհասկացված լինելուց տանջվող 15-ամյա դեռահասը, նրա գլամուրային և ամբարտավան խորթ մայրը և անտաղանդ, բայց լավատեսությամբ լի երիտասարդ դերասանուհին: Նրանց ճակատագրերը կանխորոշված չեն, իսկ կյանքերը շատ փխրուն են: Խոսելով իր ֆիլմի մասին` ռեժիսորը նշեց, որ երբ սկսում է ֆիլմ նկարահանել, ինչ-որ բան չի ցանկանում ասել, այլ ուղղակի նկարահանում է, իսկ ասելիքն աստիճանաբար է ի հայտ գալիս: «Այս ֆիլմն ինձ սովորեցրեց, որ կյանքում պետք է ապրել այսօրվա օրով և չպետք է մտածել վաղվա մասին: Ես նախկինում այդպես չեմ մտածել, իսկ կինոյի շնորհիվ փոխվեցի: Ֆիլմը մահվան մասին չէ, այն ապրելու մասին է»,-նշեց նա:
Աննա Մելիքյանն ընդգծեց, որ իր դերասաններն իր հպարտությունն են, և նրանք լավագույններն են, անկախ այն փաստից՝ ստացել են մրցանակներ, թե ոչ:
Ֆիլմի գլխավոր դերակատարուհի Սեվերիա Յանուշաուսկայտեն ուրախությամբ ընդգծեց, որ դերն իր համար իսկապես մեծ փորձառություն էր: «Պատմությունը շատ սարսափելի էր, որովհետև մահվան մասին էր: Մի պահ մտածում էի, թե մահանում եմ: Ուրախ եմ, որ Աննան հավատաց ինձ»,-նշեց նա:
Օգոստոսին Աննա Մելիքյանը կսկի նոր ալմանախ նկարահանել: «Շատ գումարներ բերող ֆիլմեր չեմ նկարահանում, հիմա ամեն ինչ անում ենք, որ «Աստղ» ֆիլմի վարձույթը հաջողությամբ անցնի, և հովանավորներին վերադարձնենք իրենց գումարները»,-փաստեց ռեժիսորը:
Մելիքյանը չի բացառում, որ Հայաստանի մասին ֆիլմ կնկարահանի, եթե հետաքրքիր պատմություն հայտնվի ձեռքի տակ:
Սցենարիստ և ռեժիսոր Աննա Մելիքյանը ծնվել է 1976-ին Բաքվում:
Մեծացել է Երևանում, 1994-ին տեղափոխվել Մոսկվա, որտեղ սովորել է կինոինստիտուտում (Սերգեյ Սոլովյովի եւ Վալերի Ռուբինչիկի արվեստանոց): 2001-ին Գերմանիայում մասնակցել է մի շարք ֆիլմերի ստեղծմանը: 2002-ին ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել հեռուստատեսությունում: 2004-ին նկարահանած առաջին խաղարկային ֆիլմը` «Մարսը», մեծ դրվատանքի է արժանացել: «Ցպահանջ» աշխատանքը Մելբուռնի միջազգային կինոփառատոնում ստացել է Մելբուռն քաղաքի մրցանակը` որպես լավագույն կարճամետրաժ փորձարարական ֆիլմ: