Երևանում մեկնարկել է «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ միասին ներկա է գտնվել «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, երկրի վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է փառատոնի բոլոր մասնակիցներին, մաղթել բարի երթ: «Ուրախ եմ, որ դուք՝ որպես հայ մշակույթի կրողներ, հավաքվել եք Հայաստանում՝ ձեր մասնակցությամբ հատուկ շունչ և ջերմություն հաղորդելով այս գեղեցիկ միջոցառմանը: Համաշխարհայնացման այս դարաշրջանում մշակույթը յուրաքանչյուր ազգի ինքնադրսևորման, բարեկամական կապերի ամրապնդման և ազգը ճանաչելի դարձնելու լավագույն միջոցն է: Ես շնորհակալ եմ ձեզ, որ ապրելով սփյուռքում` դուք մեծ առաքելություն եք իրականացնում՝ արվեստի շնորհիվ ոչ միայն պահպանելով ձեր ազգային նկարագիրը, այլև հարստացնելով ձեր բնակության երկրի մշակութային խճանկարը:

Ձեր մասնակցության շնորհիվ այս դահլիճում համախմբվել է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի արվեստասեր հանրությունը: Այս եռամիության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Միայն միասնության շնորհիվ մենք ի զորու ենք հաղթահարելու համայն հայության առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները»,- նշել է կառավարության ղեկավարը:

Ընդգծելով, որ այս փառատոնը հայ հավաքական ինքնության ու ազգային ոգու վառ դրսևորում է, վարչապետը հորդորել է մասնակիցներին շարունակել հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանն ուղղված նվիրական գործունեությունը: «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ողջ հայությունը մեծ ջանքեր է գործադրում պատմական արդարության վերականգնման ուղղությամբ: Դուք ձեր ուրույն նպաստն եք բերում այդ գործընթացին՝ բարձր պահելով հայի անունն ու պատիվը, մասնակցելով ազգային միջոցառումներին, տարածելով ազգային հարուստ մշակութային ավանդույթները»,-հավելել է Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին և կազմակերպիչներին՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը, հայ ազգի մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստելու համար:

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի նպատակն է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միջև համագործակցության ընդլայնումը, երիտասարդ հայ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացումը, ժամանակակից հայ արվեստի զարգացումն ու տարածումը: Փառատոնի շրջանակում մայր հայրենիքում ցուցադրական ելույթներով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայկական պարախմբերն ու երգչախմբերը, հայ դուդուկահարներն ու անհատ կատարողները, լրագրողները:

Հայերեն

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում. IDBank

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին