Հայոց ցեղասպանություն

Արամ Ա Կաթողիկոսը Վատիկանում այցելել է Հայաստանի և Լիբանանի դեսպանատներ

2 րոպեի ընթերցում

Արամ Ա Կաթողիկոսը Վատիկանում այցելել է Հայաստանի և Լիբանանի դեսպանատներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկան կատարած այցելության ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն, Առաջնորդ Սրբազանների ընկերակցությամբ, այցելել է Վատիկանում Լիբանանի և Հայաստանի դեսպանատներ և հանդիպումներ ունեցել դեսպանների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքը, Լիբանանի դեսպան Ջորջ Խուրին, ողջունելով Վեհափառ Հայրապետի այցելությունը Վատիկան, հիշատակել է իր առաջին այցելությունը 6 տարի առաջ Բենեդիկտոս Պապին: Նա նշել է, որ Միջին Արևելքի և հատկապես Լիբանանի համար այս այցելությունը չափազանց կարևոր է՝ նկատի ունենալով Պապի և Վատիկանի ամբողջական զորակցությունը Միջին Արևելքի քրիստոնեությանը` հատկապես, Լիբանանին: Իր հերթին Վեհափառ Հայրապետը շեշտել է Լիբանանի ներքին միասնականությունն ամուր պահելու և շուտափույթ նախագահական ընտրություն կատարելու կենսական կարևորությունը:

Հայաստանի դեսպանատանը դեսպան Միքայել Մինասյանը ջերմորեն ողջունել է Վեհափառ Հայրապետին՝ նրան փոխանցելով ՀՀ Նախագահի մաղթանքները: Վեհափառ Հայրապետը նշել է, որ Հայաստանի դեսպանատանը լինելը նշանակում է հայկական հողի վրա լինել: Նա իր ուրախությունն է հայտնել Հայաստանի հետզհետե ծավալող դիվանագիտական հարաբերությունների առնչությամբ ու ողջունել է երիտասարդ դիվանագետների ներկայությունն արտաքին հարաբերությունների բնագավառում: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ Վեհափառ Հայրապետը շեշտել է դեսպանների կարևոր դերը այդ հարցում՝ նշելով, որ 100-րդ տարելիցը պետք է ոչ միայն մեր ժողովրդի համար հիշելու առիթ լինի, այլ նաև հիշեցնի մեր շրջապատին հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները ու այդ իրավունքների վերատիրանալու մեր ժողովրդի միասնական կամքը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում