2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Ֆորշն այժմ գտնվում է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: «Արմենպրես»-ին բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ երգչի վիճակը կայուն է, սակայն հրաժարվեցին բացատրել, թե ինչու է Ֆորշը հայտնվել վերակենդանացման բաժանմունքում` պարզաբանելով, թե տնօրենը չի թույլատրում տարածել նման տեղեկատվություն: Բժշկական կենտրոնից հավելեցին միայն, որ երգչի կյանքին որևէ վտանգ չի սպառնում:
Ֆորշը (Վահան Գևորգյան) ծնվել է 1967թ. մայիսի 25-ին, Երևանում: 1985թ. ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարանը: 1985-92թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում: 1983թ-ից սկսել է գրել երգեր: 1994թ. թողարկել է առաջին ալբոմը` «Բարև, իմ սեր», հետագայում` ևս 5 ալբոմ` «Գիշեր», «Խենթ աղջիկ», «Այսպես էլ ապրում ենք», «The Best», «Երևանը մենք ենք»: 1990-96թթ աշխատել է «Մետրո» թատրոնում` որպես դերասան և կոմպոզիտոր: Հեղինակել է մի շարք բեմադրությունների երաժշտություն` Ն. Ծատուրյանի «Հեթում արքա», «Ապերախտ տղամարդիկ», Վ. Ստեփանյանի «Շունն ու կատուն» և այլն: Նկարահանվել է մի շարք ֆիլմերում: Հեղինակել է ավելի քան 50 երգ: 1994թ. հիմնադրել է «Ռա Մինոր» խումբը և համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում, որի հետ այսօր էլ աշխատում է: 2008թ. հիմնել է «Ֆորշ և ընկերներ» կազմակերպությունը, որը Սևանա լճի ափին իրականացրել է «Երաժիշտներ հանուն խաղաղության» միջազգային փառատոնը: Նկարահանել է ավելի քան 20 տեսահոլովակ:2011թ. արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: