Ցեղապանություն Սումգայիթում. հանցագործություն առանց պատժի. «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի անդրադարձը
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն անդրադարձել է 26 տարի առաջ Սումգայիթ քաղաքում հայերի դեմ կատարված ցեղասպանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարբերականն իր հոդվածում օգտագործել է պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Զարգարյանի հիշողությունները: «Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում, 26 տարի առաջ` 1988 թվականի փետրվարի 27-29-ն իրականացվեց ցեղասպանական ակտ քաղաքի հայկական բնակչության նկատմամբ: Ադրբեջանական իշխանությունների նպատակադրված և ծրագրված աջակցությամբ և ԽՍՀՄ ղեկավարության թողտվությամբ, կատարվեցին հայերի զանգվածային ջարդեր, սպանություններ, մարդության դեմ հանցագործություններ, որոնք իրենց վայրենությամբ ու դաժանությամբ ցնցեցին միջազգային հանրությունը»,- գրել է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն:
Լրատվամիջոցը նշել է, որ Լեռնային Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթի կոտորածն արձագանք էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինական կամարտահայտմանը՝ միանալու Հայաստանին, որի անբաժան մասն է եղել հազարավոր տարիների ընթացքում՝ մինչև խորհրդայնացումը: Ռուսական աղբյուրը նշել է, որ բազմազգ Սումգայիթում հայերի սպանությունների նպատակն էր արգելափակել խնդրի լուծումը ԽՍՀՄ կենտրոնում, և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վախեցնել արյունալի նոր հաշվեհարդարների հեռանկարով՝ ստիպելով նրանց հրաժարվել ազատության և արժանապատիվ կյանքի բնական իրավունքներից:
«Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն մանրամասնորեն անդրադարձել է Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների զարգացմանը և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային: