Չկա մի հարց, որի շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը չգան փոխշահավետ համաձայնության. Վարչապետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները` Դմիտրի Մեդվեդևը և Տիգրան Սարգսյանը կհանդիպեն փետրվարի 24-ին, Սոչիում: Կիրակի օրը ռուսական կողմի հրավերով Տիգրան Սարգսյանը ներկա կգտնվի Սոչիում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում:
«Հանդիպման օրակարգն արդեն հաստատվել է, որտեղ սահմանված են բանակցությունների առաջնահերթ թեմաները: Դրանք, առաջին հերթին, կապված են Հայաստանի` Մաքսային միություն մտնելու գործընթացի հետ, Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների, դրա անվտանգության մակարդակի բարձրացման, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի խնդիրների հետ»,- հայտնել է նա: «Մեր երկխոսությունը բաց է, իմ գործընկերը լիովին հասկանում են խնդիրները, որոնց առջև կանգած է Հայաստանը: Չկա մի հարց, որի շուրջ մենք չգանք համաձայնության և պայմանավորվածությունների` հաշվի առնելով ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի շահերը»,- հավելել է Տիգրան Սարգսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը` Հայաստանի նկատմամբ ջերմ վերաբերմունքի համար:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ռուսական ընկերությունները կարևոր դեր են խաղում Հայաստանի տնտեսության համար: «Հայաստանում ներդրումների ծավալով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղը` անցնելով Եվրամիության երկրներին ու ԱՄՆ-ին: Հայաստանի տնտեսության շատ հատվածներում ռուսական ընկերությունները կառուցվածքաստեղծ դեր են կատարում»,- ասել է վարչապետ Սարգսյանը: