Պաշտոնական

Մի շարք ապրանքների արտահանումը Հայաստանից Չինաստան էապես կաճի

3 րոպեի ընթերցում

Մի շարք ապրանքների արտահանումը Հայաստանից Չինաստան էապես կաճի

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարում նախատեսվում է մեծապես ավելացնել Հայաստանից կոնյակի, գյուղմթերքի և ծխախոտային ապրանքների արտահանման ծավալները Չինաստան: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդպման ժամանակ: Չինական պատվիրակությունը գլխավորում է Ճոու Լին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչը մեր երկրի առաջնայնություններից է: Ուրախ ենք, որ մեր երկու երկրների միջև ձևավորվել են քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ»:

ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսական կապերի զարգացումը և նշել, որ դրանց ընդլայնման համար առկա է մեծ ներուժ:

Ճոու Լին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Տիգրան Սարգսյանին փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի ջերմ ողջույնները: «Դուք մեծ ջանքեր եք գործադրում հայ-չինական հարաբերությունների զարգացման համար և Չինաստանը դա բարձր է գնահատում: Հայաստանը մեր երկրի ամենավստահելի գործընկերներից մեկն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը»,- դիմելով վարչապետին՝ նշել է Ճոու Լին:

Տիգրան Սարգսյանը և Ճոու Լին կարևորել են նաև չինական ավիաընկերությունների ներգրավումը հայկական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի նաև զբոսաշրջության զարգացմանը: Այդ առումով, կողմերը անհրաժեշտ են համարել վիզային ռեժիմի դյուրացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, կրթության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող այլ ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցությանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանը՝ մեր երկրին ցուցաբերվող օժանդակության, մասնավորապես, Երևանի ավտոբուսների և շտապ օգնության ավտոպարկերը համալրելու, ինչպես նաև հարյուր միլիոն յուանի (շուրջ 16 միլիոնի դոլար) անհատույց ֆինանսական օգնություն տրամադրելու համար: Այդ մասին չինական կողմը հայտարարել էր վարչապետ Սարգսյանի` նախորդ տարվա սեպտեմբերին Չինաստան կատարած այցի ժամանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում