ՎԶԵԲ-ը դրական ազդակ է հղում Հայաստանի ֆինանսական շուկայով հետաքրքրված համաշխարհային ներդրողներին
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերակառուցմանևզարգացման եվրոպական բանկը (EBRD) 2014 թ. հունվարի 31-ին իրականացրեց 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանականարժեքով պարտատոմսերի թողարկում: Այն առաջին միջազգային ֆինանսական կազմակերպությունն էր, որն իրականացրեց իր պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի միջոցով: Միջազգային կազմակերպության կողմից առաջին դրամային պարտատոմսերի թողարկման և Հայաստանի կապիտալի շուկայի հեռանկարների շուրջ «Արմենպրես»-ը զրուցեց ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսի հետ։
-Պարոն Դևիս, Վերակառուցմանևզարգացման եվրոպական բանկն արդեն թողարկեց և տեղաբաշխեց առաջին դրամային պարտատոմսերը։ Ի՞նչ նպատակի են ծառայելու ստացված միջոցները և գո՞հ եք արդյունքներից։
-Տեղական կապիտալի շուկաների զարգացումը ՎԶԵԲ-ի ուշադրության կենտրոնում գտնվող առանցքային հարցերից է: ՎԶԵԲ-ի կողմից դրամային պարտատոմսերի թողարկումը տեղական շուկայում դրական ազդանշան է ազգային և համաշխարհային ներդրողների համար, որ Հայաստանի շուկայական համակարգը, դրանում կիրառվող տեխնոլոգիաները և ենթակառուցվածքները համապատասխանում են ՎԶԵԲ-ի չափանիշներին: Մենք հաջողությամբ համագործակցում ենք Կենտրոնական բանկի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Ֆինանսների նախարարության հետ այդ ինստիտուցիոնալ շրջանակը նախապատրաստելու համար: Մենք հաջողությամբ թողարկել ենք մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք առաջին դրամային պարտատոմսերը: Դրանք լողացող տոկոսադրույքով կարճաժամկետ պարտատոմսեր են, որի հանրային տեղաբաշխումը կայացավ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի բորսային հարթակում։ Ստացված գումարները հիմա օգտագործում ենք Հայսատանում մեր կողմից իրականացվող ծրագրերում:
-ՎԶԵԲ-ի կողմից սա կլինի դրամային պարտատոմսերի միա՞կ թողարկումը։
-Ո՛չ, մենք հույս ունենք շարունակել գործընթացը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Հայաստանում դրամով վարկավորմանը: ՎԶԵԲ-ն ավելի քան 23 նախագծեր է իրականացնում դրամով, և այժմ էլ նախատեսում ենք շարունակել այդպիսի գործունեությունը:
-Հայաստանի կապիտալի շուկան դեռ փոքր է և նոր զարգացող: Ինչպես ե՞ք գնահատում մեր ֆինանսական շուկայի հեռանկարը:
-Իրավացի եք, Հայաստանում դիմացկուն կապիտալի շուկայի կառուցումը լուրջ մարտահրավեր է: Կարծում եմ՝ կարևոր է այն փաստը, որ Հայաստանում արդեն ձևավորվել է ֆինանսական շուկա, գործում է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ֆոնդային բորսան, պարտատոմսերի տեղական շուկան ակտիվ է, կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ են արվում: Այսպիսով շուկան կա, գործում է, բայց այն դիմացկուն դարձնելու և ներդրումների համար կայուն առաջարկի և պահանջակի կարիք կա: Առաջինը պետք է ուշադրություն դարձնել ֆիքսված եկամուտ ապահովելու վրա, դա նշանակում է ունենալ դիմացկուն պարտատոմասային շուկա, որից հետո արդեն կարելի է կենտրոնանալ կապիտալի շուկաների վրա:
-Կապիտալի շուկայի զարգացման տեսանկյունից ի՞նչ նշանակություն ունի կենսաթոշակային նոր համակարգը։
-Շատ կարևոր է նշել, որ պարտադիր կենսաթոշակային համակարգը ստեղծում է կապիտալ, որը ներդրվելու է նաև տեղական շուկայում։ Միաժամանակ դա կօգնի զարգացնել կապիտալի շուկան: Իսկ տեղական կապիտալի շուկան, իր հերթին, պետք է զարգացնել` կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների համար անհրաժեշտ գործիքներ ստեղծելու համար: Այս երկուսը փոխկապակցված են: Ահա թե ինչու պետք է կենսաթոշակային բարեփոխումը հաջողությամբ իրագործել: Կարծում եմ` կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ԿԲ-ի և Կառավարության որդեգրած մարտավարությունը իրականացման փուլում է: Առաջին քայլը, ակնհայտորեն պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, երկրորդ քայլը ներդրումային գործարքներ իրականացնող հայաստանյան բանկերի խրախուսումն է, որպեսզի նրանք էլ իրենց հերթին խարախուսեն իրենց հաճախորդներին թողարկողներ դառնալ տեղական շուկայում: Եվ երրորդ կարևոր քայլը որքան հնարավոր է շուտ տեղական պարտատոմսերն առևտրային շրջանառության մեջ մտցնել, որպեսզի միջազգային ներդրողները հնարավորություն ունենան մասնակցություն ապահովել տեղական շուկայում: Հայաստանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա ոչ միայն ավանդական ներդրողների, այլև ֆոնդային բորսայի ներդրողների շրջանում, եթե վերջիններս մուտք ունենան տեղական շուկա:
-Պարոն Դևիս, ե՞րբ սպասենք ՎԶԵԲ-ի կողմից նոր դրամային պարտատոմսերի թողարկմանը:
-Մենք դեռ հատուկ ծրագրիր չունենք, բայց ակնկալում ենք պարտատոմսեր թողարկել տարին առնվազն մեկ անգամ: Եվ այո՛, կարծում եմ այս տարի մեկ անգամ էլ պատրատոմսեր կթողարկնեք:
Հարցազրույցը Գոհար Ավետիսյանի