Տնտեսություն

Ներդրողները Հայաստանում պետք է իրենց ապահով զգան. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ներդրողները Հայաստանում պետք է իրենց ապահով զգան. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ընդունվող որոշումներն ու օրենսդրական փոփոխությունները չպետք է վտանգեն ներդրողների շահերը։ Կառավարությունը ներդրողների համար պետք է ստեղծի հուսալի միջավայր, և դա չի վերաբերում միայն Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին Մատենադարանում անցկացվող տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Կառավարությունը պետք է երաշխիքներ տա ներդրողներին, ովքեր ցանկանում են իրենց ֆինանսները ներդնել Հայաստանում։ Դա վերաբերում է ոչ միայն ռուսաստանցի, այլ նաև այլ երկրների ներդրողներին։ Մենք պարտավոր ենք ապահով միջավայր ստեղծել նրանց համար։ Ներդրողները ցանկանում են այնպիսի երաշխիք, որ եթե խաղի կանոնները փոխվեն 30 տարիների ընթացքում, ապա նրանց շահերը չոտնահարվեն։ Ներդրումները պետք է ապահովեն որոշակի եկամտաբերություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց վարչապետը։

Նա տեղեկացրեց, որ Կառավարությանը հաջողվել է ներդրումների եկամտաբերության ցուցանիշը 12 տոկոսից նվազեցնել մինչև 9 տոկոս՝ պարտավորվելով կայունություն ապահովել ներդրողների համար։ ՀՀ վարչապետը նաև հիշեցրեց, որ Կառավարությունը հավանության է արժանացրել մի նոր ներդրումային ծրագրի, որը վերաբերում է Որոտանի ՀԷԿ-երի համալիրին։ «Էներգետիկայի բնագավառի ներդրողներին, երբ նրանք իրենց ծրագրերն են իրականացնում տարբեր ենթակառուցվածքներում, մենք պարտավոր ենք տալ այնպիսի երաշխիքներ, որ նրանք ապահովագրված զգան իրենց»,-ասաց Տիգրան Սարգսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում