Վարչապետը վստահեցրեց, որ Հայաստանում գազի գնի տատանումներ չեն լինելու

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գազի պայմանագրերը հաջողված են, որովհետև այդ պայմանագրերը ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն: Այս մասին լրագսրողների հետ հանդիպմանը տարեվերջյան ասուլսիում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ դա առաջին հերթին նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները և տնտեսություն վարող սուբյեկտները երաշխավորված են, որ այն թանկացումները, որոնց հետ առնչվում էին Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը և գազի գների այն տատանումները, որ լինում էին, Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու: «Այս պայմանագրերը արձանագրել են խաղի կանոնները: Ցավոք սրտի, այս համաձայնագրերի քննարկման ժամանակ շատ մեծ էր սպեկուլյացիան, որի պատճառով էությունը մի կողմ դրվեց: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել այս պայմանագրերի քաղաքական բովանդակությունը: Չեմ կարծում, որ իրավաբանական պայմանագրի դրույթների քննարկումը կարող է էական նշանակություն ունենալ մեր քաղաքացիների կամ բիզնեսի համար: Էական նշանակություն ունի բովանդակությունը. ինչի շուրջ ենք մենք բանակցել մեր ռուս գործընկերների հետ և ինչ համաձայնությունների ենք եկել: Առաջին և կարևորագույն համաձայնությունը եղել է հետևյալը, որ մոտակա հինգ տարիներին գազի գինը Հայաստանի Հանրապետությունում ձևավորվելու է` հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության գազի գինն իր ներքին սպառողի համար: Եվ դա նշանակում է, որ 30 տոկոսանոց մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար չեն կիրառվելու: Սա մեր բանակցային բուն առարկան էր: Սա մեկ: Երկրորդը՝ ինչպես էր բանակցվում սակագինը և ինչու այս երեք տարիների ընթացքում մենք չէինք կարողանում հայտարարել մեր քաղաքացիներին, թե վերջիվերջո այս սակագինն այդ երեք տարիների համար ինչպիսին էր: Այն պարզ պատճառով, որ «Գազպրոմ» ընկերության կողմից մեզ առաջրկված սակագները մեզ համար անընդունելի էին և այն բեռը, որ պետք է դրվեր մեր քաղաքացիների տնտեսվարող սուբյեկտների վրա, այնպիսին էր, որ մենք ի վիճակի չէինք լինելու այդ բեռի տակից դուրս գալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատասխանեց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով` 1000 խմ գազի համար 180-ից հասնել 270 դոլարի Հայաստանի տնտեսության համար կլիներ ուղղակի կործանարար, ինչն էլ ժամանակի ընթացքում հենց առաջարկվում էր հենց այդ գինը, ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար՝ հասնելով 310, 340 դոլարի սահմանի վրա:

«Հասկանալի է՝ մեզ համար դա անընդունելի էր: Բանակցությունների ընթացքում այդ երեք տարիների ընթացքում քննարկվել են բազմաթիվ ձևեր, եղանակներ, մեթոդներ, թե ինչպես կարելի է այս խնդիրը լուծել, որպեսզի մեր սպառողների վրա գազի գնի էական թանկացումներ չլինեն: Այդ բանակցությունները հնարավոր եղավ ավարտել միայն այս տարի, և մենք բոլոր հարցերի շուրջ եկանք համաձայնության»,- ավելացրեց Սարգսյանը:

Նրա խոսքով` «Գազպրոմի» և «ՀայՌուսգազարդի» հարաբերություններում առաջացել էին իրավական խնդիրներ, քանի որ Ռուսաստանի «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդին» մատակարարել էր այն գներով, որոնք իրենք որպես երկու տնտեսվարող սուբյեկտներ իրար հետ պայմանավորվել էին, բայց այդ պայմանավորվածություններին դեմ էր Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Դա էր պատճառը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց և կարգավորող հանձնաժողովին՝ Ռոբերտ Նազարյանին, խնդրելով, որպեսզի այդ սակագները կիրառվեն 30 տոկոսանոց զեղչով, քանի որ մենք բանակցությունների ընթացքում արդեն համաձայնության էինք գալիս, որ մեր նկատմամբ կիրառվելու են որոշակի զեղչեր: Այդ տարիների ընթացքում այն պարտքերը, որ կուտակել էր «ՀայՌուսգազարդը» «Գազպրոմի» նկատմամբ, դարձավ խնդիր, որին պետք է մենք տայինք լուծում: Քաղաքական համաձայնությունն այն էր, որ 50 տոկոսն այդ խնդրի իր վրա վերցրեց Ռուսաստանը, 50 տոկոսը` մենք: Իհարկե, ցանկալի էր, որ մենք այդ լուծումն այնպես տայինք, որ մեր կանխիկ հոսքերի, բյուջետային ծախսերի վրա չազդեր, և խոսք գնաց այդ 20 տոկոս բաժնետոմսերի մասին»,- նշեց նա:

Տնտեսագետների համար որպես հիմք կարելի է վերցնել «ՀայՌուսգազարդի» շահույթը, գնահատելու, թե տարեկան որքան մաքուր շահույթ է ստացել այդ ընկերությունը, պայմանավորվածության գալ, թե այդ շահութաբերության մակարդակը քանի տարվա հիմքով պետք է ձևավորի շուկայական գինը: «Կարելի է հիմքում ընդունել այլ մեթոդ՝ գնահատել ընկերության ակտիվները, հրավիրել մասնագետների, որոնք կտան ակտիվների բալանսային արժեքը, ակտիվներից հանել պարտավորությունները, ստանալ կապիտալը, այդ մեթոդով գնահատել: Կան բազմաթիվ մեթոդներ, բայց բոլոր մեթոդները, որոնք մենք կիրառել ենք, ցույց են տվել, որ 150 մլն դոլարը 20 տոկոսի համար մեզ համար, մեղմ ասած, շատ ընդունելի տարբերակ է: Դրա համար մենք համաձայնեցինք, որ կարող ենք այդ 20 տոկոսը զիջել, մանավանդ հաշվի առնելով այն առանձնահատկությունը, որ «ՀայՌուսգազարդի» շահութաբերության մակարդակը բարձր չէ, բայց մոտակա տարիների ընթացքում ներդրումային մեծածավալ աշխատանք պետք է կատարվի, որովհետև ֆիզիկական մաշվածության աստիճանը բավական բարձր է, դա նշանակում է, որ այդ 20 տոկոսից մենք դիվիդենտներ չենք կարող ակնկալել, քանի որ այդ դիվիդինետներն ընկերությունը ներդնելու է և պետք է ներկայացնի նոր ներդրումային ծրագրեր, իսկ այդ դաշտն ամբողջությամբ գտնվում է կարգավորման ոլորտում, այսինքն գները կարգավորվում են պետության կողմից, կարգավորումը գտնվում է կարգավորող հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում»,- ավելացրեց գործադիրի ղեկավարը:

Նա մեկնաբանեց, որ այդ 20 տոկոսի զիջումը Հայաստանի համար որևէ վտանգ չի ներկայացնում, որովհետև բոլոր որոշումները, որոնք կայացվում են «ՀայՌուսգազարդի» կողմից, վերահսկելի են և կառավարության հետ պարտադիր պետք է համաձայնեցվեն: «Այս ընկալումները բերեցին հենց այն եզրակացմանը, որ սա մեզ համար ընդունելի և լավագույն որոշումն է, մանավանդ, որ մեր ռուս գործընկերները համաձայնեցին` իրենք իրենց վրա են վերցնում 150 միլիոնի պարտքի ծածկումը, ինչը և իրականացվեց այս համաձայնագրով, որ Ազգային ժողովի վավերացրեց, որովհետև այնտեղ գրված է, որ ապրիլի 1-ից կիրառվում են գազի մատակարարման ավելի ցածր սակագներ: Դա նշանակում է, որ այն 150 մլն-ը, որը «ՀայՌուսգազարդն» իր բալանսում կուտակել է, ռուսական կողմը դուրս կգրի: Այսինքն` այդ խնդիրն արդեն լուծում է Ռուսաստանի Դաշնությունը»,- ավելացրեց նա:

Հայերեն English

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ