5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խուլ մարզիկները տարեցտարի բարելավում են իրենց արդյունքները միջազգային մրցասպարեզներում, եւ այս միտումը շարունակվում Է: «Արմենպրես»-ի թղթակիցն այս առիթով հարցազրույց Է վարել Հայաստանի խուլերի մարզական կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ:
- Պարոն Գրիգորյան, ձեր կոմիտեն ստեղծվել Է 2000 թվականին: Փորձենք հակիրճ ներկայացնել Հայաստանի խուլ մարզիկների անցած ուղին այս 13 տարում:
- Հայաստանի խուլ մարզիկներն այս ժամանակամիջոցում ոչ միայն զբաղեցրել են իրենց տեղը միջազգային սպորտում, այլ նաեւ հեղինակություն են ձեռք բերել, բարձր պահում Հայաստանի դրոշը: Որպես ապացույց նշեմ 2013 թ. հուլիսի 26-ից մինչեւ օգոստոսի 4-ը Բուլղարիայի մայրաքաղաքում կայացած սուրդոօլիմպիական խաղերում (խուլ մարզիկների օլիմպիական խաղեր) մեր ըմբիշ Նարեկ Նիկողոսյանի նվաճած բրոնզե մեդալը: Սա մեր առաջին օլիմպիական պարգեւն Է: Այս մրցաշարին մասնակցեցին 74, իսկ ըմբշամարտի մրցումներին՝ 23 երկրի մարզիկներ:
Ի դեպ, ասեմ, որ սուրդոօլիմպիադան անցկացվում Է դասական օլիմպիական խաղերի կանոններով: Որպես խուլ մարզիկների միջազգային մրցումների տեխնիկական տնօրեն` շատ լավ տեղյակ եմ նման մասշտաբի մրցաշարերի կազմակերպմանը:
Մենք մինչ Սոֆիայի օլիմպիադան նույնպես մասնակցել ենք այս խաղերին, բայց` ապարդյուն: Սոֆիայում հանդես եկան Հայաստանի 6 մարզիկներ՝ 5 ըմբիշ եւ 1 ձյուդոիստ: Իսկ խուլ մարզիկների օլիմպիական խաղերն անցկացվում են 1924 թվականից: 2001թ. Իտալիայում, 2005թ. Ավստրալիայում, 2009թ. Չինական Թայվանում կայացած սուրդոօլիմպիական խաղերին մասնակցել են Հայաստանի ըմբիշները, սեղանի թենիսիստները, թեթեւատլետները:
- Այժմ եկեք սուրդոօլիմպիական խաղերից կամուրջ գցենք դեպի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններ:
-Այստեղ մեր հաջողություններն ավելի ակնհայտ են: 2003թ. Ստամբուլում կայացած ըմբշամարտի Եվրոպայի եւ 2004 թ. Բուլղարիայում կայացած ըմբշամատի աշխարհի առաջնությանը Ազիզ Ամոյանը եւ Ստեփան Հարությունյանը նվաճել են 1 ոսկե եւ 2 արծաթե մեդալ, 2007թ. Ուկրաինայի Բելայա Ցերկով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնությանում վաստակեցինք 2 բրոնզե մեդալ, 2008թ. Երեւանում տեղի ունեցած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը հայ ըմբիշները ունեցան 1-ական ոսկե արծաթե եւ բրոնզե մեդալ, 2011թ. Եվրոպայի առաջնությանը՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե պարգեւ, 2012թ. Բուլղարիայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճեցինք 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ: Աշխարհի չեմպիոնի կոչումները նվաճել են Ազիզ Ամոյանը, Ստեփան Հարությունյանը, Ժորա Գրիգորյանը, Վազգեն Պետրոսյանը: Նույն Ամոյանը ունի արծաթե եւ բրոնզե մեդալ: Եվրոպայի կտրվածքով հաջողություններն ավելի շոշափելի են: Եվրոպայի չեմպիոն են դարձել Սարգիս Սարգսյանը՝ կրկնակի, Ստեփան Հարությունյանը, արծաթե մեդալ՝ Հովհաննես Հարությունյանը, Նարեկ Նիկողոսյանը, բրոնզե մեդալ են նվաճել Գրիգորյանը, Գեւորգ Սերոբյանը: Սա վերաբերում է միայն մեկ` ըմբշամարտի մարզաձեւին:
- Իսկ ինչպիսի՞ն Է իրավիճակը այլ մարզաձեւերում:
- Ավելի համեստ, թեեւ զարգացնում ենք տարբեր մարզաձեւերը` օգտվելով խուլ մարզիկների համար հատուկ նախատեսված պայմաններից, մեր մարզասրահից: 7 անգամ անցկացրել ենք խուլերի շախմատի, 6 անգամ՝ ֆուտբոլի, 8 անգամ՝ ըմբշամարտի հանրապետական առաջնություն, կազմակերպվում են սեղանի թենիսի, բոուլինգի մրցումներ, նախատեսում ենք վոլեյբոլի առաջնություն անցկացնել:
Ասեմ նաեւ, որ մենք զարգացնում ենք խուլ մարզիկների սպորտը նաեւ մարզերում: Ի դեպ, բոուլինգի մեր երկու մարզիկներ նախապատրաստվում են Ռուսաստանում` մարզվելով Մոսկվայի ակումբներից մեկում:
2014թվականին մեր շախմատիստները կմասնակցեն Խորվաթիայում կայանալիք խուլ շախմատիստների օլիմպիադային:
- Դուք եւ՞ս ձգտում եք միջազգային մրցումներ անցկացնել Հայաստանում:
- Երեւանն ընդունում Է խուլ մարզիկների ամենաբարձր կարգի մրցաշարեր: 2014 թվականի հոկտեմբերին երիտասարդ եւ պատանի ըմբիշները կհավաքվեն Հայաստանի մայրաքաղաքում` մրցելու համաշխարհային խաղերի մրցանակների համար: Մտածում ենք դեկտեմբերին բոուլինգի մրցաշար անցկացնել:
Հայաստանի խուլերի մարզական կոմիտեն ակտիվորեն համագործակցում Է սպորտի պետական գերատեսչության հետ: Մենք շնորհակալ ենք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը մշտական համագործակցության եւ աջակցության համար:
Հայաստանի խուլ մարզիկները ցանկանում են բարելավել իրենց արդյունքները եւ արժանի ներդրում ունենալ հայկական սպորտում:
Հարցազրույցը վարեց Զավեն Վարդանյանը