«Երևանյան բեսթսելլեր» 25. Գրող Վահե Արսենը ցանկություն ունի վարկանիշային աղյուսակում տեսնել Սերվանտեսի «Դոն Կիխոտը»
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի հեղինակային «Երեւանյան բեսթսելլեր» նախագծի ամենաշատ վաճառված գրքերի տասնյակն այս շաբաթ եւս գլխավորում է արտասահմանյան գրական գործ: Առհասարակ նախագծի ողջ ընթացքում արտասահմանյան գրականությունն իր հաստատուն տեղն ունի բեսթսելլերների տասնյակում:Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, գրող Վահե Արսենը Երևանում արտասահմանյան գրականության վաճառքը կանխատեսելի միտում է համարում` պայմանավորելով գայթակղիչ սյուժեով:«Արմենպրես»-ի հետ զրույցում գրողը խոսեց գործակալության «Երևանյան բեսթսելլեր» նախագծի մասին` կարևորելով դրա դերը`այդուամենայնիվ նշելով, որ կարևորն այն չէ, թե քանի գիրք է վաճառվում, կարևորը որակյալ գրքերի վաճառքն է: «Սովորաբար ամենաշատը վաճառվում են ճչացող վերնագրով կամ սյուժեով գրքերը, որոնք անմիջապես հետաքրքրում են մարդկանց: Շատ ավելի լավ կլիներ, որ ամենաշատ վաճառվող գրքերի շարքում լինեին նաև Վիլյամ Շեքսպիրի ստեղծագործությունները կամ Սերվանտեսի «Դոն Կիխոտը»»,-ասաց Վահե Արսենը:
«Երեւանյան բեսթսելլեր»-ում հունիսի վերջին և հուլիսի առաջին օրերի ամենաշատ վաճառված գրքերի ցանկը գլխավորում է բրազիլացի գրողՊաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը», որն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:
Երկրորդ հորիզոնականումկոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպն է:Այն լայն ճանաչում է գտել նաև Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելլերների շարքում:
Մարկեսի ստեղծագործությանը հաջորդում է նախորդ շաբաթվա առաջատարը` Մոսկվայում բնակվող ժամանակակից հայազգի արձակագիր Մարկ Արենի«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»անատոլիական պատմությունը: Այն հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է և իր ծնողներն էլ հայեր են եղել։Չնայած դա սխալմունք էր, սակայն նա երբեք էլ չի իմանում այդ թյուրիմացության մասին` ողջ կյանքում շարունակելով փնտրել հայ ծնողների գերեզմանները:
Չորրորդ հորիզոնականումԳրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է:Այն հայտնի է նաև «Նարեկ» անունով ու միջնադարյան հայ ամենաճանաչված ու կարդացված ստեղծագործությունն է: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում: «Երևանայան բեսթսելլեր»-ի հինգերորդ հորիզոնականն այս շաբաթ զբաղեցրել է Ադրբեջանցի ժամանակակից գրողԱքրամ Այլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը, որը պատմում է 1989-ին Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:
ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էսզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վեպը,որն զբաղեցնում է ցանկի վեցերորդ հորիզոնականը, հրատարակվել է 1943թ-ին և համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը: Թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է նաև հայերեն:
Յոթերորդ հորիզոնականում կրկինԱքրամ Այլիսլիի` սակայն այս անգամ «Էդիթ պրինտ»հրատարակչության հրատարակած «Քարակերտ երազներ» ստեղծագործությունն է:Սրան հաջորդում է ժամանակակից գրողԱշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը, որը պատմում է պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումների մասին: Դրանք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են:
Երիտասարդ գրող Արամ Պաչյանի«Ցտեսություն, ծիտ»վեպը, որը բանակից զորացրված 28-ամյա տղայի հալուցինացիաները նկարագրող պատմություն է, զբաղեցրել է իններորդ հորիզոնականը: Այն շաբաթներ շարունակ եղել է «Արմենպրես»-ի վարկանիշային աղյուսակում: Վարկանիշային աղյուսակը եզրափակում էԱրմենՕհանյանի «Կիկոսիվերադարձը»պատմվածաշարը:
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +3 | Պաուլո Կոելիա «Ալքիմիկոսը» | Վան Արյան | 36 | |
| 2 | +3 | Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» | ՎԱ-ՀԱ | 32 | |
| 3 | -2 | Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» | Տիգրան Մեծ | 28 | |
| 4 | +3 | Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» | Նաիրի | 25 | |
| 5 | -3 |
Աքրամ Այլիսլի «Քարե երզաներ» |
Գրաբեր | 18 | |
| 6 | -3 | Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» | Անտարես | 15 | |
| 7 | 0 |
Աքրամ Այլիսլի «Քարակերտ երազներ» |
Էդիթ պրինտ | 14 | |
| 8 | +2 |
Աշոտ Աղաբաբյան «Մենակը» |
Լուսակն | 13 | |
| 9 | 0 |
Արամ Պաչյան «Ցտեսություն, ծիտ» |
Անտարես | 11 | |
| 10 | -7 |
Արմեն Օհանյան «Կիկոսի վերադարձը» |
Անտարես | 10 |