3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է AMNESTY International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ստորագրահավաք-կոչին Թուրքիայի իշխանություններին` վերջ տալ բռնաճնշումներին ու սեփական քաղաքացիների խոսքի ազատության սահմանափակումներին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել, որում ասվում է. «Այսօրվա Թուրքիան բևեռացված հասարակության տխուր իրականությունն է, որն Արևմուտքի կողմից պարզամտորենաջակցություն է ստանում` որպես մերձավորարևելյան «դեմոկրատիայի» մոդել, այնպիսին, որն ունի հզոր ազդեցություն մեդիայի վրա և զբաղված է լրագրողներին աշխարհի բանտերում ազատազրկելով:Թուրքիան սթափվելու կարիք ունի, որը, հուսով ենք, կբերի արդարության, հավասարության, պատմական ռեֆլեքսիայի, ոչ թե ռեպրեսիայի»,-եզրափակել է Թանկյանը, ում ֆեյսբուքյան էջը 1 միլիոն 256 հազար 764 հավանող ունի:
AMNESTY International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով կոչ էր անում Թուրքիայի կառավարությանը կատարել մի շարք գործողություններ, որոնց թվում, խաղաղ ցուցարարների դեմ կիրառվող ուժի անմիջապես դադարեցում, կարծիքն ազատ արտահայտելու իրավունքի ապահովում, անկախ հետաքննության իրականացում ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառողների հայտնաբերման և պատժի ենթարկելու նպատակով:
Ստամբուլում բողոքի ակցիաներն սկսվել են Գեզի պատմական այգում կառավարության որոշմամբ առեւտրի եւ զվարճանքի խոշոր կենտրոն կառուցելու նպատակով ծառահատումներ կատարվելու դեմ: Մայիսի վերջից սկսված` բնապահպահպանական նպատակով բողոքի ակցիաները վերածվել են հակակառավարական զանգվածային ցույցերի: Թուրքիայի ամբողջ տարածքով մեկ սկսված բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհություն են հայտնել թուրքական կառավարության վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից: Ոստիկանները բռնի ուժ են կիրառել ու Գեզի այգին ցուցարարներից մաքրելու ժամանակ արյան ծովեր են առաջացրել: Ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով 5 մարդ զոհվել, 5000-ից ավելի մարդ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են: