Քաղաքականություն

ՄԱԿ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանը կունենա ռազմական խորհրդատու և Զինված ուժերի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում և ՀԱՊԿ-ում Հայաստանը կունենա ռազմական խորհրդատու և Զինված ուժերի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ՄԱԿ-ում կունենա ՀՀ ռազմական խորհրդատու, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ զինված ուժերի ներկայացուցիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս պաշտոններում հաստիքներ ստեղծելու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն՝ նշված հաստիքների ստեղծումը կապահովի վերոնշյալ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվող միջազգային ռազմական համագործակցության արդյունավետ և օպերատիվ կազմակերպումը, ինչպես նաև աշխատանքների կոորդինացումը: «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային կազմակերպություններում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա, ինչպես նաև այն, որ պաշտպանության ոլորտին առնչվող հարցերը պահանջում են յուրահատուկ մասնագիտական մոտեցում, անհրաժեշտ է լինում, որպեսզի ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչն անմիջական մասնակցություն ունենա այդ կազմակերպությունների շրջանակներում բարձրացված և ՀՀ-ին առնչվող հարցերի քննարկմանը: Այդ մասնակցությունը, մի կողմից, հնարավորություն է ընձեռում լիարժեքորեն պաշտպանել Հայաստանի դիրքորոշումը պաշտպանական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ, առավել օպերատիվ արձագանքել բարձրացված խնդիրներին, մյուս կողմից էլ ապահովում է աշխատանքների կազմակերպման բարձր արդյունավետության մակարդակ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փաստաթղթերի մշակման առավել արդյունավետ եղանակը ներկայացուցիչների անմիջական հանդիպումներն ու քննարկումներն են»,- նշված է հիմնավորման մեջ:

Ակնկալվում է, որ սա կնպաստի նաև ՀՀ ՊՆ կողմից իրականացվող միջազգային ռազմաքաղաքական համագործակցության գործընթացում վստահության ամրապնդմանը, և կկարգավորի ՄԱԿ-ի ՀՀ ներկայացուցչությունում, ՀԱՊԿ ՀՀ մշտական ներկայացուցչությունում Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում